ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի - Sputnik. Կապանում 42-ամյա որդին սպանել է 77-ամյա մորը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ դեկտեմբերի 13-ին, ժամը 18.50-ին ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Ստեփանյան փողոցի 8-րդ շենքում սպանված մարդ կա:
Ահազանգով դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբի ծառայողները հայտնաբերել են 77-ամյա տանտիրուհու դիակը՝ բռնության ակնհայտ հետքերով:
«Պարզվել է, որ սպանությունը կատարել է կնոջ 42-ամյա որդին։ Ժամը 19.50-ին նա հայտնաբերվել, բերման է ենթարկվել ոստիկանության Կապանի բաժին և ձերբակալվել»,–նշված է հաղորդագրության մեջ:
Սպանության հանգամանքները պարզվում են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է քննություն։