ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Ինչպես հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից, հանդիպմանը ներկա է եղել ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանը:
Խորհրդարանի ղեկավարը կարևորել է Ղազախստանի հետ համագործակցության զարգացումը` ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային խորհրդարանական կառույցներում:
«Կողմերն անդրադարձել են ԱՊՀ միջխորհրդարանական, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովներում, Միջխորհրդարանական միությունում և ԵԱՏՄ-ում երկու երկրների փոխգործակցությանը»,–ասված է հաղորդագրության մեջ:
Երկկողմ հարաբերությունների համատեքստում ԱԺ նախագահն ընդգծել է նաև միջխորհրդարանական փոխգործակցությունը, որտեղ առանցքային է համարել խորհրդարանական բարեկամության խմբերի դերը:
«Քննարկվել է հետպատերազմյան իրավիճակը, մասնավորապես անդրադարձ է եղել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և գերեվարված անձանց վերադարձի հարցին»,–ասված է հաղորդագրության մեջ:
Կողմերը հայ-ղազախական հարաբերությունների ամրապնդման գործում կարևորել են Ղազախստանի հայ համայնքի դերը:
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է դեսպանին Ղազախստանում առաջիկայում նշվելիք Անկախության օրվա կապակցությամբ: