ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի ու Թուրքիայի միջև դիվանագիտական հարբերություններին սկիզբ դնելը չի նշանակում, թե Հայաստանը հրաժարվում է իր առանցքային ու պետական շահերից։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը` պատասխանելով Թուրքիայի հետ հարաբերություններ սկսելու մասին հարցին։
«Հակառակը` մենք համոզված ենք, որ Հայաստանի պետական շահերից է բխում Թուրքիայի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ` տարբեր պատճառներով»,– ասաց նա։ Աղաջանյանի գնահատմամբ,Հայաստանից բացի հայ–թուրքական հարաբերությունների վերականգնումից կշահի նաև Թուրքիան։
Ինչ վերաբերում է նախապայմաններին, ԱԺ հանձնաժողովի նախագահն արձանագրեց, որ 30 տարի շարունակ հենց Թուրքիան է` Արցախյան խնդրով պայմանավորված, Հայաստանի առջև նախապայմաններ դրել։ Ուստի, նրա խոսքով, այսօր տրամաբանական է, որ Հայաստանն է առաջ քաշում առանց որևէ նախապայմանի հարաբերություններ սկսելու թեզը։
«ՀՀ–ը ունի կոնկրետ աշխարհագրական դիրք, ունի հարևաններ, որոնցից չի կարող խուսափել, ինչպես նաև մեր հարևանները չեն կարող խուսափել մեր առկայությունից տվյալ տարածաշրջանում։ Հետևաբար, այլընտրանք, քան հարևան երկրների հետ ձևավորել, հաստատել բարիդրացիական հարաբերություններ, ուղղակի չկա»,– ասաց նա` հավելելով, որ գործընթացը հեշտ չէ, բայց ՀՀ իշխանությունը պատրաստակամ է գնալու այդ ճանապարհով։
Նշենք, որ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում այսօր Հայաստան–Թուրքիա հարաբերությունների թեմայով փակ քննարկում-հանդիպում էր կազմակերպվել ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար, հայ-թուրքական հարաբերությունների թեմայով «Սպիտակ թուղթ» գրքի հեղինակ Ժիրայր Լիպարիտյանի հետ։
Վերջինը հանդիպումից հետո հրաժարվեց պատասխանել քննարկման ու հայ–թուրքական հարաբերություններին վերաբերող լրագրողների հարցերին։
Հիշեցնենք` երեկ` դեկտեմբերի 13-ին, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան և Հայաստանը հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն հարաբերությունների կարգավորման համար։
Նշենք, որ Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, երկու երկրների միջև սահմանը փակ է 1993 թվականից Անկարայի նախաձեռնությամբ։
Հայաստանի գործող իշխանությունը բազմիցս հայտարարել է, որ ընդունել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու օրակարգը և այդ համատեքստում պատրաստ է կարգավորել հարաբերությունները հարևանների, այդ թվում՝ Թուրքիայի հետ: Ի պատասխան պաշտոնական Անկարան նշել է, որ Երևանից «դրական ազդակներ» է ստացել։
Իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իրեն է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` հանդիպման մասին առաջարկը։
Սակայն Էրդողանը հասկացրել է, որ Անկարան հաշվի է առնելու Բաքվի շահերը։