Հայաստանը գործընթաց է սկսել Թուրքիայի կողմից նախապայման դնելու պայմաններում. Աբրահամյան

Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է հարաբերությունների կարգավորման համար Թուրքիայի և Հայաստանի կողմից հատուկ ներկայացուցիչներ նշանակելու հայտարարություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիայի՝ միջանցքի հարցը որպես նախապայման առաջադրելու պայմաններում Հայաստանը գործընթաց է սկսել։ Facebook–ի իր էջում նման գրառում է արել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը` անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությանը։
Հայտնել էինք, որ երեկ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել էր` Թուրքիան և Հայաստանը հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն հարաբերությունների կարգավորման համար։ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանն էլ այսօր արձագանքել էր` հայկական կողմը երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի։

«ՀՀ-ից դեռևս պաշտոնական պարզաբանումներ այս հարցի շուրջ չի տրվել, սակայն հաշվի առնելով հանգամանքը, որ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ մանրամասներ մշտապես թուրքական կողմից է ստացվում, ապա բանագնացների նշանակման և կուլիսային պայմանավորվածությունների թեման լրիվ հավանական է թվում»,–գրել է Աբրահամյանը։

Նա հիշեցրել է, որ ամիսներ առաջ Էրդողանը տեղեկացրել էր` Վրաստանի վարչապետի միջոցով Փաշինյանը դրական ազդակներ է փոխանցել իրեն, իսկ շաբաթներ առաջ ՀՀ ԱԳ նախարարը խոստովանել էր, որ իշխանության դրական քարոզչության շրջանակներում ներկայացվող հայ-թուրքական գործընթացում Թուրքիան միջանցքի հարցը որպես նախապայման է ներկայացնում։
Թուրքիան ու Հայաստանն առաջիկայում չարտերային ավիահաղորդակցություն կբացեն. Չավուշօղլու
«Հերթական փակ–գաղտնի բնույթի գործընթացը քողազրկվեց, որի ավերիչ հետևանքներն ամբողջությամբ դեռևս դժվար է գնահատել»,–իր խոսքն ամփոփել է Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը «Լը Ֆիգարո» (Le Figaro) օրաթերթին տված իր հարցազրույցում նշել էր` Թուրքիան նոր պայմաններ է առաջադրում, որոնց թվում Ադրբեջանը և Նախիջևանը կապող «միջանցքն» է, ինչը չի կարող քննարկման առարկա դառնալ։
Միրզոյանը հավելել էր` պետությունները պետք է տարանցում թույլ տան՝ պահպանելով սեփական տարածքի նկատմամբ ինքնիշխանությունը։