Հայաստանում է նկարիչ-վերականգնող Նիկոլայ Միխայլովը. նա փորձագիտական եզրակացություն կհայտնի

Միխայլովն իր եզրակացությունը կհայտնի Կարմրավոր եկեղեցու՝ մի քանի տարի առաջ իրականացված որմնանկարների վերականգնման և հետագա պահպանության առնչությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Հայաստան է այցելել ՌԴ մոնումենտալ գեղանկարչության նկարիչ-վերականգնող Նիկոլայ Միխայլովը։ Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ-ն, որտեղ և հյուրընկալվել է Սանկտ Պետերբուրգի որմնանկարների պատվավոր վերականգնող, ազգությամբ հայ Միխայլովին։

Հայաստան այցի շրջանակում կազմակերպվել է այցելություն Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի հուշարձաններ, մասնավորապես՝ 1900 թ․ կառուցված բաղնիք։ Դրա ամրակայման, նորոգման և վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման փուլն ընթացքի մեջ է։ Միխայլովն այցելել է նաև 1664 թ․ կառուցված կամուրջ, վաղ միջնադարյան Կարմրավորի Սբ. Աստվածածին (7-րդ դ․), Ծիրանավոր (5-րդ դ․), Սպիտակավոր (13-րդ դ․) եկեղեցիներ և Պ․ Պռոշյանի տուն-թանգարան՝ տեղում ծանոթանալու հուշարձաններին, խնդիրները քննարկելու և դրանց լուծումները գտնելու նպատակով։

Որմնանկարների վերականգնման փորձառու մասնագետի հետ հանդիպման բուն նպատակն էր ուսումնասիրել Կարմրավոր եկեղեցու՝ մի քանի տարի առաջ իրականացված որմնանկարների վերականգնումը, դրանց տեխնիկական վիճակը վերականգնումից հետո և քննարկել պահպանության հետագա խնդիրները։ Նշվում է, որ Միխայլովն իր փորձագիտական եզրակացությունը կհայտնի։
Ուրարտական որմնանկարներն անմխիթար վիճակում են. ռուս ռեստավրատորը կօգնի հայ գործընկերներին
Հանդիպման ավարտին Միխայլովի հետ՝ որպես փորձագետ-խորհրդատուի, որմնանկարների վերականգնման բնագավառում ԿԳՄՍ նախարարությանը հետագայում ևս աջակցելու բանավոր համաձայնություն է ձեռք բերվել: