Գործազրկություն ու սոված օրեր. որո՞նք են Հայաստանի ամենաաղքատ մարզերը

Հանրակացարան, արխիվային լուսանկար
Ըստ հետազոտության` Հայաստանի երեք մարզերում աշխատունակ տարիքի (15-75) անձանց կեսից ավելին աշխատաշուկայի մաս չի կազմում, իսկ զգալի մասը երկարաժամկետ գործազուրկ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի - Sputnik. Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ) – Հայաստան հիմնադրամի հետազոտության արդյունքներով` Հայաստանի ամենաաղքատ մարզեր են ճանաչվել Լոռին, Շիրակը և Տավուշը։ Ծրագրի ղեկավարներն այսօր ամփոփեցին հետազոտության արդյունքները լրագրողների և հետաքրքրված անձանց համար կազմակերպած շնորհանդեսի ժամանակ։
Նշված մարզերում «Համայնքային աղքատության հաղթահարման կիրառական մոտեցումներ» ծրագրի շրջանակում 2021 թվականի օգոստոսին անցկացված հարցման տվյալներով` վերջին 12 ամիսների ընթացքում բնակչության 51%-ը գումարի սղության պատճառով անհանգստացել է բավականաչափ ուտելիք չունենալու պատճառով, իսկ 10%-ը ստիպված է եղել 1 ամբողջ օր չսնվել։
ՌԱԴԻՈ
Աղքատությունն աղքատություն է ծնում. ի՞նչ անել Հայաստանում աճող տեմպերը դադարեցնելու համար
Հարցումը հիմնվել է բազմաչափ աղքատության չափման Ալքայր–Ֆոսթերի մեթոդաբանության վրա, որը կիրառվել է Համաշխարհային բանկի և ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից` ազգային Բազմաչափ աղքատության ինդեքսը (ԲԱԻ) հաշվարկելու համար։
Ըստ հետազոտության` աղքատության ամենացածր մակարդակը գրանցվել է Տավուշի մարզում (5.4 % ԲԱԻ-ով)։
Լոռու մարզն ամենաանապահովն է (71.3%) առօրյա սննդի և հագուստի համար բավարար գումար չունենալու առումով։
Շատ քիչ համայնքների բնակիչներ (ըստ էության`2.4%–ից պակաս) են նշել, որ ի վիճակի են կոմունալ վճարումները կատարել «հեշտությամբ» կամ «շատ հեշտությամբ»։
Մարզերի բնակիչներից շատերը հայտնել են, որ չունեն երկու զույգ պատշաճ կոշիկ, որ բավարար լինի տարվա տարբեր եղանակներին հագնելու համար։
Հայաստանում հազարավոր թափուր աշխատատեղեր կան. Փաշինյան
Մարզերում գերակշռում են նաև բնակարանային և առողջապահական խնդիրները։ Ամենամեծ զրկվածությունը արձանագրվել է հանրային ծառայությունների որակի մասով (ջրամատակարարում, ջրահեռացում, աղբահանություն, էլեկտրամատակարարում և այլն)։
Մարզերի տնային տնտեսությունների 65 և ավել տոկոսը գրանցված չի եղել աղքատության նպաստների համակարգում։ Պարզվել է, որ շատ ընտանիքներ ուղղակի չեն բավարարել համակարգի պայմաններին։
Հետազոտությունը ցույց է տվել, որ երեք մարզում էլ աշխատանքի խնդիր կա` աշխատունակ տարիքի (15-75) անձանց կեսից ավելին աշխատաշուկայի մաս չի կազմում (55.9% ), իսկ 39.6%–ը երկարաժամկետ գործազուրկ է։
Նշենք, որ ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։
Փաշինյանը նախատեսում է վերացնել ծայրահեղ աղքատությունը, նվազեցնել գործազրկության մակարդակը
Աղքատությունը Հայաստանում ավելացել է. կան սովյալներ