ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ոստիկանությունը բացահայտել է Երևանում բնակվող 34 և 35-ամյա տղամարդկանց կողմից թմրամիջոցների իրացման դեպքեր։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։
Ոստիկանության ծառայողները դեկտեմբերի 7-ին մայրաքաղաքի տարբեր թաղամասերում նախ հայտնաբերել ու կասկածանքով բերման են ենթարկել վերը նշված տղամարդկանցից թմրամիջոցներ ձեռք բերած անձանց։
Բերման ենթարկվածներից ոմանք ձերբակալվել են, նույն օրը գիշերը հայտնաբերվել ու բերման են ենթարկվել 34 և 35-ամյա տղամարդիկ։ Նրանցից կրտսերի խուզարկությամբ հայտնաբերվել է հերոին, իսկ մյուսի խուզարկությամբ՝ մեթամֆետամին։ Հարուցված քրեական գործի շրջանակներում՝ դեկտեմբերի 10-ին խուզարկություն է կատարվել 34-ամյա տղամարդու վարձած բնակարանում, որը գտնվում է մայրաքաղաքի Սարյան փողոցում։ Հայտնաբերվել է տարբեր քաշերով հաշիշ, մեթամֆետամին, մարիխուանա, գազային ատրճանակ և այլն։ Նշանակվել են փորձաքննություններ։
34 և 35 տարեկան տղամարդիկ ձերբակալվել են։ Նախաքննությունը շարունակվում է։