ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը վստահեցնում է, որ Լաչինի միջանցքը չի կարող գտնվել Ադրբեջանի հսկողության տակ։ Այս մասին Բեգլարյանը գրել է Twitter–ի իր էջում։
«Այդ հարցը ոչ մի կապ չունի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցան ուղիների բացման հետ։ Արցախը պետք է ունենա Հայաստանի հետ ուղիղ և անվերահսկելի ընդհանուր սահման, և մեր օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն»,– նշել է Արցախի պետնախարարը:
Հիշեցնենք, որ Ալիևն այսօր Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի բացման վերաբերյալ հստակ նշվում է եռակողմ հայտարարության մեջ։ Նրա կարծիքով Ադրբեջանի և Հայաստանի միջև Զանգեզուրի ու Լաչինի միջանցքներում անցագրային ռեժիմները պետք է համընկնեն։
Այս ամենին ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդել էր, որ Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը։ Նրա խոսքով` Ադրբեջանի նախագահի փորձերը` տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը զուգահեռել Լաչինի միջանցքի հետ, որևէ աղերս չունեն մինչ օրս այդ թեմայով տեղի ունեցած քննարկումների, ստորագրված հայտարարությունների հետ և անընդունելի են Հայաստանի համար։