ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ արդարադատության նախագահ Կարեն Անդրեասյանն Իտալիայում Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ հանդիպման ժամանակ քննարկել է դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու լրացուցիչ հնարավորությունները։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Քննարկվել են նաև գործող սահմանադրության շրջանակներում դատական համակարգի վեթթինգի հարցը։ Նախարարը Վենետիկի հանձնաժողովի նախագահին է ներկայացրել ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների իրականացման գործընթացը՝ նշելով, որ նախարարության կողմից մշակվել է սահմանադրական բարեփոխումների նոր հանձնաժողովի ստեղծմանն ու գործունեության ապահովմանն ուղղված օրենսդրական փաթեթը։ Այն նախատեսվում է ներկայացնել նաև Վենետիկի հանձնաժողովի կարծիքին:
Հանդիպման ընթացքում Անդրեասյանը Վենետիկի հանձնաժողովի նախագահին է ներկայացրել արցախցիների դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական ագրեսիայի արդյունքում առկա հումանիտար խնդիրները, հայ ռազմագերիների նկատմամբ կոպտագույն խախտումները` խոշտանգումների, դաժան ու անմարդկային վերաբերմունքի մասին վկայող ապացույցները:
Նշենք, որ ՀՀ արդարադատության նախարարը Վենետիկում դեկտեմբերի 13-14-ը մասնակցում էր «Հանցավորություն և քրեական արդարադատություն. վերականգնողական արդարադատության դերը Եվրոպայում» խորագրով ԵԽ անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդաժողովին: