Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել հարցը. Փաշինյանը պատասխանել է Ալիևին

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել է, որ Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը։

«Ադրբեջանի նախագահի փորձերը` տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը զուգահեռել Լաչինի միջանցքի հետ, որևէ աղերս չունեն մինչ օրս այդ թեմայով տեղի ունեցած քննարկումների, ստորագրված հայտարարությունների հետ և անընդունելի են Հայաստանի համար։ Այս դիրքորոշումը հստակ կարտահայտեմ այսօր նախատեսված եռակողմ հանդիպման ընթացքում»,– նշել է նա։

Նշենք, որ Ալիևն այսօր Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև Զանգեզուրի ու Լաչինի միջանցքներում անցագրային ռեժիմները պետք է համընկնեն։ «Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքի անցագրային ռեժիմի իրավական ասպեկտին, ապա այն պետք է լիովին նման լինի Լաչինի միջանցքի ռեժիմին։ Եռակողմ հայտարարության մեջ (ՌԴ–ի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների` 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարություն) հստակ ասվում է, որ Ադրբեջանը ապահովում է անվտանգ և անխոչընդոտ կապը Ղարաբաղի և Հայաստանի միջև, իսկ Հայաստանը ապահովում է նույն անվտանգ և անխոչընդոտ կապը Ադրբեջանի ու Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն միջև»,– նշել է Ադրբեջանի նախագահը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այժմ Բրյուսելում են։
Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Այնուհետև նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
Փաշինյանը դեկտեմբերի 15-ին Բրյուսելում մասնակցելու է Արևելյան Գործընկերության վեցերորդ գագաթնաժողովին։
Միջոցառման շրջանակում նախատեսվում է, որ ՀՀ վարչապետը երկկողմ հանդիպումներ կունենա եվրոպական գործընկերների հետ։
Հիշեցնենք, որ բրյուսելյան բանակցություններին նախորդել էր նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը:
Եռակողմ հանդիպումից առաջ Պուտինն առանձնազրույց էր ունեցել Ալիևի հետ։ Բանակցությունները տևել էին երեք ժամ։ Եռակողմ հանդիպմանը հաջորդել էր Պուտին–Փաշինյան առանձնազրույցը։