ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Թուրքական ապրանքների` ՀՀ ներմուծման արգելքի հետ կապված ՀՀ կառավարության որոշումը մասնակի ու թերի է։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Միասյանը։
«Թուրքական ապրանքների սահմանափակման հետ կապված տարիներ առաջ ԱԺ–ում մենք ենք նախաձեռնություն ներկայացրել։ Սակայն մենք առաջարկում էինք սահմանափակում մտցնել այն ապրանքների մասով, որոնք Հայաստանում որպես վերջնական արտադրանք կարող են ստանալ։ Մենք առաջարկում էինք նաև տեղական արտադրողներին աջակցել, որպեսզի կարողանանք համարժեք որակի ապրանքներ արտադրել»,–ասաց Մինասյանը։
Նրա խոսքով` միայն ֆորմալ կամ անվանական սահմանափակումը բավարար չէ, որպեսզի արգելքի հետ կապված հիմնարար նպատակին հասնենք։ Պատգամավորը նշեց` եթե թուրքական ապրանքների ներմուծման արգելքի փաթեթն ամբողջական դառնա, այն կարող է օգտակար լինել, սակայն ներկա իշխանությունը, ըստ Մինասյանի, որդեգրել է գործը մինչև վերջ չտանելու վարքագիծ։ Մինասյանն իր խոսքն ամփոփեց` ասելով, որ իրականում իրավիճակային մի հայտարարություն է արվել և բոլորին կանգնեցրել փաստի առաջ։
Հիշեցնենք, որ 2020թ.-ին ընդունված որոշմամբ` Հայաստանում թուրքական ապրանքների 6-ամսյա արգելքն ուժի մեջ է մտել 2021թ–ի հունվարի 1-ից։ ՀՀ կառավարությունը հունիսի 26-ի նիստում վեց ամիս ժամկետով երկարաձգեց թուրքական ապրանքների ներմուծման արգելքը։