ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստան այցելությունն ու ռուսաստանցի գործընկերների հետ հանդիպումը լավ փորձ է հայաստանյան սկսնակ մասնագետների համար։ Այս մասին Երևանում «Նոր սերունդ» ֆորումի բացման ժամանակ հայտարարեց Ռոսսոտրուդնիչեստվո դաշնային գործակալության ղեկավար Եվգենի Պրիմակովը, որը ֆորումին ելույթ ունեցավ հեռահար։
Նա հույս հայտնեց, որ առաջիկայում հայ գործընկերների հետ հնարավոր կլինի շփվել նաև առկա ձևաչափով։
Պրիմակովը հիշեցրեց, որ այս տարի լրանում է «Նոր սերունդ» ծրագրի 10 տարին, և Հայաստանը դրա ամենաակտիվ մասնակիցներից մեկն է։ Ծրագիրը նախատեսում է երիտասարդների այցելություններ Ռուսաստան։
«Երիտասարդ մասնագետների այցելությունն իրականացվում է կա՛մ անմիջապես Ռոսսոտրուդնիչեստվոյի, կա՛մ Գորչակովի անվան հիմնադրամի նման գործընկեր կազմակերպության միջոցով։ Տարբեր բնագավառների մասնագետները հանդիպումներ են ունենում ռուսաստանցի գործընկերների հետ և համատեղ հետազոտական աշխատանք իրականացնում։ Այդպիսով` այցերն ու հանդիպումները միայն զբոսաշրջությամբ չեն սահմանափակվում, թեև իհարկե Ռուսաստան այցելելը հետաքրքիր և հաճելի է», – հավելեց Պրիմակովը։
Նա նշեց, որ երկօրյա կոնֆերանսի ընթացքում կներկայացվեն և՛ սկսնակ մասնագետների, և՛ ուսանողների` այդ թվում ռուսական կողմի հետ համատեղ կազմած նախագծերը։
Նշենք, որ ֆորումի բացմանը ելույթ ունեցան ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար կարեն Թռչունյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Դավիթ Սահակյանը, ինչպես նաև Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։