ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու նրա իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույցի ընթացքում խոսել են «միջուկային գործարքի» վերականգնման մասին: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն։
Դեկտեմբերի 13-ին իրանական կողմի նախաձեռնությամբ կայացած զրույցի ընթացքում նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին՝ Վիեննայում վերսկսված բանակցային գործընթացի համատեքստում։
«Կողմերը հաստատել են «միջուկային գործարքի» վերականգնման փոխադարձ տրամադրվածությունը ՄԱԿ-ի ԱԽ-ի հավանությանն արժանացած սկզբնական հավասարակշռված կոնֆիգուրացիայում։ Հաստատել են, որ դա միակ ճիշտ ճանապարհն է համապարփակ պայմանավորվածությունների բոլոր մասնակիցների իրավունքներն ու շահերը ապահովելու համար», - նշված է Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ:
Բացի այդ, նախարարները երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր են քննարկել։
Հիշեցնենք` 2015 թվականին «վեցյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) ու Իրանի կնքած Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ), որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց՝ որպես Թեհրանի կողմից միջուկային զենք չստանալու երաշխիք, երեք տարի էլ գոյություն չունեցավ։ 2018 թվականի մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ–ն միակողմանի կարգով դուրս է գալիս ծրագրից ու վերականգնում Թեհրանի դեմ խիստ պատժամիջոցները։
Նոյեմբերի 29-ին Վիեննայում վերսկսվեցին ԳՀՀԾ–ն վերականգնելու և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները չեղարկելու շուրջ բանակցությունները։
Բանակցությունների գլխավոր թեման դարձել է Թեհրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների չեղարկման հարցը։ Դեկտեմբերի 3-ին Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանին հայտնել էր, որ բանակցային կողմերն իրենց մայրաքաղաքներ կմեկնեն Թեհրանի առաջարկած համաձայնագրերի նախագծերի շուրջ անհրաժեշտ խորհրդակցություններ անցկացնելու համար։ Դեկտեմբերի 9-ին բանակցությունները վերականգնվել են։