ՌԱԴԻՈ

Իշխող ուժի ներսում կան հակասություններ. քաղաքագետը` Հայկ Մարությանի շուրջ ծավալվողի մասին

Քաղաքագետ–տնտեսագետ Հրանտ Միքայելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է «Հայկական ժամանակ» թերթի տեղեկատվությանը, ըստ որի` պատերազմից հետո Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։
Sputnik
Մամուլում տեղ գտած նման հրապարակումները վկայում են, որ իշխող քաղաքական ուժի ներսում կան ներքին հակասություններ, որոնք արդեն դուրս են գալիս հանրային քննարկման դաշտ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, անդրադառնալով հրապարակմանը, թե Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, ասաց քաղաքագետ–տնտեսագետ Հրանտ Միքայելյանը։
Նա հիշեցրեց, որ Հայկ Մարությանի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին կան մի քանի ազդակներ, քանի որ վերջին երկու տարիների ընթացքում ևս ի հայտ են եկել նման հրապարակումներ։

«Եթե նախկինում հրապարակումներն առնչվում էին Հայկ Մարությանի անձնական պահվածքին, ապա Քոչարյանի հետ հանդիպելու մասին տեղեկատվության տարածումն արդեն վկայում է իշխանության համար անթույլատրելի պահվածքի մասին։ Հավանաբար, «Քաղաքացիական պայմանագրից» շատերը Մարությանին իրենց քաղաքական թիմակից չեն էլ համարում»,– ասաց նա։

Միքայելյանի կարծիքով` կա ևս մեկ հանգամանք, որի պատճառով քաղաքական պայքարը Երևանի քաղաքապետի պաշտոնի համար սրվում է, առավել ևս, որ հաջորդ ընտրությունները կայանալու են ոչ հեռու ապագայում, այլ գալիք տարում։ Հայկ Մարությանն անպայման իշխանական թևից կունենա ուժեղ մրցակիցներ, որոնք կարող են նման հրապարակումներ պատվիրել։
«Մարությանի մասին նախկինում հնչել են պախարակումներ, որ նա ակտիվորեն չի մասնակցել ՔՊ–ի քարոզարշավին, որ հատկապես կապիտուլյացիայից հետո որոշել է մի քիչ հեռու մնալ իշխող քաղաքական թիմից։ Բայց ակնհայտ է, որ արշավն այդքան էլ ակտիվ չէր։ Ժամանակը ցույց կտա, թե որքանով են տեղին վերոհիշյալ պատրվակները»,– ասաց քաղաքագետը։
Անդրադառնալով այն հարցին, թե ավտոբուսների վարորդների գործադուլը կամ այլ բնույթի սաբոտաժները չե՞ն կարող արդյոք ուղղորդվել և ուղղված լինել Երևանի քաղաքապետի դեմ, Միքայելյանն ընդգծեց, որ ավելի շուտ գործ ունենք ոչ թե սաբոտաժի, այլ իսկապես գործադուլի հետ, թեև իշխանությունը հակված է սաբոտաժ անվանել այն ամենը, ինչն ուղղված է իր դեմ։ Միքայելյանի դիտարկմամբ` մենք առանց այդ էլ ունենք սոցիալ–տնտեսական ծանր պայմաններ, որոնք կարող են հարուցել զանգվածային դժգոհություններ։
«Գնաճը բարձր է, իսկ աշխատավարձերը նույն արագությամբ չեն աճում։ Դժվար է ասել, թե արդյոք այդ դժգոհություններն օգտագործվում են առանձին խմբերի կողմից, թե ոչ, պարզապես դժգոհության համար օբյեկտիվ պատճառները և այդ առթիվ քաղաքական միջամտությունն իրար չեն հակասում, շատ համատեղելի են»,– ասաց Միքայելյանը։
Հայկ Մարությանը մեկուսացած է, ոչ մեկի հետ չի շփվում. փոխքաղաքապետ
Նա հիշեցրեց, որ նախկինում նույնպես եղել են հրապարակումներ այն մասին, որ Մարությանն իր ապագան այլևս չի ցանկանում կապել գործող իշխանության հետ, բայցևայնպես նրանց բաժանումը տեղի չունեցավ։ Նրա կարծիքով` նման բան չի լինի, քանի դեռ իշխանությունն ամուր է։ Միքայելյանի գնահատմամբ`Հայկ Մարությանը քաղաքական գործիչ չէ, երբևէ հանդես չի եկել ինտենսիվ հայտարարություններով և ներկա պահին նույնպես ակտիվ չէ, քանի որ շահելու ոչինչ չունի, ընդհակառակը` կարող է խնդիրներ ունենալ, ուստի փորձում է դրանցից խուսափել։
Նշենք, որ «Հայկական ժամանակը» գրել էր` տեղեկություններ են շրջանառվում, որ պատերազմի ավարտից հետո Հայկ Մարությանը Սեյրան Օհանյանի միջնորդությամբ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ:
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հերքեց լուրերը, թե Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
Նրա խոսքով՝ տպագրված նյութի հասցեատերը «Հայաստան» դաշինքը չէ։ Պատգամավորը վստահեցնում է`Երևանի քաղաքապետի գործողությունների վերաբերյալ գնահատականներում դրականն էլ կա, բացասականն էլ։