ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց տեղեկություններն այն մասին, որ հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն։
Պատգամավորը նշեց, որ իրավական որևէ կարգավիճակ ներկա պահին չունի։
«Դեռ այդ փուլին չի հասել, որ որպես վկա կամ այլ կարգավիճակով կանչեին։ Պարզապես բացատրություն են վերցրել»,– ասաց նա` հավելելով, որ ԱԱԾ է հրավիրվել երկու օր առաջ` կապված դեկտեմբերի 7-ին խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետ։
Թե ինչ բացատրություն է տվել ու ինչպես է մեկնաբանել տեղի ունեցած միջադեպը, Հրաչյա Հակոբյանը չցանկացավ պատասխանել։
Դեկտեմբերի 7-ի դեպքի շրջանակներում խորհրդարանի իշխանական ու ընդդիմադիր մյուս խմբակցություններից թե ուրիշ ովքեր են հրավիրվել ԱԱԾ, Հրաչյա Հակոբյանը տեղյակ չէ։
Նշենք, որ ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ Հրաչյա Հակոբյանն իր բացատրության մեջ տվել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի օգնական Գերասիմ Վարդանյանի անունը, որը նույնպես հրավիրվել է ԱԱԾ` բացատրություն տալու, բայց հրաժարվել է որևէ բացատրություն տալ:
Ըստ մամուլում առկա տեղեկություններ`ի ԱԱԾ-ում բացատրություն են տվել նաև «Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի օգնական Սևակ Նազարյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի օգնական Տարոն Նազարյանը:
Հիշեցնենք` դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում ծեծկռտուք էր տեղի ունեցել։ Ինչպես լրագրողներին պատմել էր ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանի օգնական Սյունե Գևորգյանը, ծեծկռտուքը տեղի է ունեցել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում։ Դրան, ըստ Գևորգյանի, մասնակցել են ՔՊ–ականներ Հրաչյա Հակոբյանը, Վահագն Ալեքսանյանը, Սիսակ Գաբրիելյանը։