ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Անվճար կոլոնոսկոպիայի ծրագրի շրջանակում ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հետազոտվել է 699 բուժառու:
Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը։
«Ծրագիրը մեկնարկել է ընթացիկ տարվա հունվարի 1-ից ու նախատեսված էր անցկացնել մինչև հունիսի 30-ը: Դիմողները շատ էին, և մենք որոշում կայացրինք մինչև հունիսի 30-ը բոլոր գրանցվածների հետազոտությունները երկարացնել մինչև նոյեմբերի վերջ։ Հետազոտված բուժառուներից 81-ի մոտ հայտնաբերվել է հաստ աղիքի քաղցկեղ, 159-ի մոտ` բարորակ գոյացություններ»,– նշեց Մանուկյանը և հավելեց, որ ծրագիրն իր տեսակով աննախադեպ էր։
Անվճար կոլոնոսկոպիա կարող էր անցնել 45 տարին լրացած յուրաքանչյուր անձ: Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենը նաև ընդգծեց, որ հիվանդության վաղ հայտնաբերման դեպքում պետությունն ու բուժառուն ավելի քիչ գումար են ծախսում, քան երբ այն արդեն խորացած է։
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքի էնդոսկոպիստ Վլադիմիր Նահապետյանն էլ ասաց, որ շատերը եկել էին պարզապես հետազոտվելու՝ չունենալով որևէ գանգատ: Նրանցից 4-ի մոտ քաղցկեղ հայտնաբերվել է բավական վաղ փուլում, ինչը հնարավորություն է տվել էնդոսկոպիկ եղանակով հեռացնել: Արդյունքում այդ անձինք շրջանցել են մեծ վիրահատություններն ու քիմիաթերապիան:
«Ամբողջ աշխարհում քաղցկեղային հիվանդությունների շրջանում իր տարածվածությամբ հաստ աղիքի քաղցկեղը 3-րդ տեղն է զբաղեցնում: Ամեն տարի հայտնաբերվում է 1 մլն նոր դեպք: Հայաստանում էլ հիվանդության աճի միտում կա: Եթե համեմատենք 2009-2019 թվականի տվյալները, ապա կտեսնենք, որ 10 տարվա ընթացքում հաստ աղիքի քաղցկեղի աճ կա մոտ 150 նոր դեպքով»,- ասաց Նահապետյանը:
Անդրադառնալով հիվանդության առաջացման պատճառներին՝ մասնագետը ներկայացրեց հիմնական ռիսկի գործոնները` ժառանգականություն, ալկոհոլի ու ծխախոտի օգտագործում, անառողջ սնունդ: