ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Պաղեստինի Եկեղեցիների հարցով բարձրագույն նախագահական կոմիտեի ղեկավար Մուին Էլիաս Յուսեֆ Խուրիի գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել մշակութային, միջկրոնական հարաբերությունների շուրջ: Զրուցակիցներն անդրադարձել են նաև հայկական քրիստոնեական սրբավայրերի և պատմամշակութային ժառանգության պահպանության հարցերին:
Նշենք, որ երեկ`դեկտեմբերի 12–ին Հայաստանում գտնվող Պաղեստինի Եկեղեցիների հարցով բարձրագույն նախագահական կոմիտեի ղեկավար Մուին Էլիաս Յուսեֆ Խուրիի գլխավորած պատվիրակության անդամները այցելել էին Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Նրանք ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ապա շրջել են Հայոց ցեղասպանության թանգարանում։ Պատվիրակության ղեկավարը և պատվիրակության անդամները գրառում են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում։