Հայ-վրացական «Բարեկամության կամուրջը» կբացվի ժամանակին. ո՞ր փուլում են աշխատանքները

Հայ–վրացական «Բարեկամության կամուրջը»
Նոր կամրջի թողունակությունը հնից գրեթե երեք անգամ ավելի բարձր կլինի։ Սակայն Բագրատաշեն-Սադախլո սահմանային անցակետի գործող կամուրջը չեն քանդի, այն կպահպանվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայ- վրացական համատեղ «Բարեկամության կամուրջ» նախագծի շինարարությունը կավարտվի նշված ժամկետում՝ 2022թ․-ի մայիսին, առանց ուշացումների և հետաձգումներին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց «Բարեկամության կամուրջ» կառուցման ծրագրի ղեկավար, «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչ Իզաբելլա Մուրադյանը։
Նախագծի իրականացումը մեկնարկել է 2021թ․-ի մայիսին։ Սադախլո-Բագրատաշեն սահմանային անցակետի մոտ, Դեբեդ գետի հատվածի կամրջի կառուցումը սկսվել է հուլիսին։
«Ներկայումս նախագիծն իրականացված է 49 տոկոսով, որի 30 տոկոսը նախագծումն ու դիզայնն էր, իսկ մնացած 19 տոկոսը կատարվել է շինարարական աշխատանքների մեկնարկից հետո»,-ասաց Մուրադյանը։
Իզաբելլա Մուրադյանը
Աշխատանքները երկու կողմից զուգահեռ են ընթանում։ Ըստ նախնական հաշվարկների՝ կամուրջը պատրաստ կլինի գարնանը։ Ծրագրվում են ասֆալտապատման, լուսավորության և ջրահեռացման համակարգերի, հետիոտնի ճանապարհների և դրանց ծածկերի ձևավորման աշխատանքներ։

«Նոր կամուրջը չորս գիծ կունենա, դրա թողունակությունը հնի համեմատ երեք անգամ բարձր կլինի»,-ասաց Մուրադյանը։

Կամրջի նախագծման և շինարարության պայմանագիր է ստորագրվել Ariana Tunnel Dam Co ընկերության հետ (Իրան)։ Տեխնիկական վերահսկողությունն իրականացվում է Soosung Engineering Co., Ltd и Korea Consultants International Co., Ltd. ընկերությունների կողմից (Կորեա)։
Կամրջի շինարարությունը 9 միլիոն եվրո կարժենա, որից 7,2 միլիոնը ԵԱԶԲ վարկն է, 1,8 միլիոնը՝ երկու երկրների բյուջեի միջոցները։
«Բարեկամության կամուրջը» բաղկացած է երկու առանձին կամուրջներից՝ երկու ուղղություններով, որոնցից յուրաքանչյուրի լայնությունը 11,85 մետր է։ Դրանք տեղակայված կլինեն միմյանցից մեկ մետր հեռավորության վրա։ Ընդհանուր լայնությունը կկազմի 24,7 մետր։ Նախատեսվում է նաև 32 մետր երկարությամբ 5 բացվածքանի երկաթբետոնե կոնստրուկցիաների և դեպի կամուրջ տանող ճանապարհների կառուցում։
Վանաձոր–Վրաստանի սահման ճանապարհի շինարարությունը կավարտվի 2022 թվականի հունիսին. Սանոսյան
Գործող կամուրջը կառուցվել է ԽՍՀՄ-ի տարիներին և նման ուղևորահոսքի համար նախատեսված չի եղել։ Այդ պատճառով էլ նոր նախագծի կարիք է ի հայտ եկել։ «Բարեկամության կամուրջը» նախատեսվում էր շահագործման հանձնել մինչև 2016 թվականի ավարտը, սակայն այն մի քանի անգամ հետաձգվել է: