«Ամեն հարց լուծվել է». հանրային տրանսպորտի վարորդները դադարեցրին բոյկոտը

Հանրային տրանսպորտի վարորդները հայտնեցին, որ իրենց խոստացել են 2 օրվա ընթացքում բոլոր խնդիրներին լուծում տալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Հանրային տրանսպորտի` վաղ առավոտից բոյկոտ հայտարարած վարորդները համաձայնության են եկել Երևանի քաղաքապետարանի հետ և կամաց–կամաց վերադառնում են բնականոն աշխատանքի։
Ինչպես տեղից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը, վարորդները համաձայնության եկան Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Էդգար Գալստյանի հետ։

«Մենք պահանջում էինք, որ ԿԱՍԿՈ ապահովագրություն ունենանք, քանի որ նոր մեքենաների մասերը շատ թանկ են։ Բացի այդ, աշխատանքային պայմանների վերանայում էինք ուզում։ Հիմա ասացին, որ մեր խնդիրները կլուծվեն` աշխատավարձը կբարձրանա, մյուս պահանջներն էլ կվերանայեն»,–ասաց վարորդներից մեկը, որը չուզեց ներկայանալ։

Հանրային տրանսպորտի վարորդները հայտնեցին, որ իրենց խոստացել են` 2 օրվա ընթացքում բոլոր խնդիրներին լուծում տալ։
«Պլան չկա` կասսա է». ավտոբուսի վարորդները դժգոհ են նաև նոր վճարային համակարգից
Հայտնել էինք, որ այսօր առավոտվանից հանրային տրանսպորտի մի շարք երթուղիներ չեն աշխատում վարորդների բոյկոտի պատճառով։ Կանգառներում մարդկանց կուտակումներ են, իսկ տաքսիներն էլ բարձրացրել էին սակագները։
Վարորդները պահանջում են աշխատանքային պայմանների բարելավում, մասնավորապես` աշխատավարձի բարձրացում։
Երևանի քաղաքապետարանից արձագանքել էին, որ նմանատիպ սաբոտաժը ծայրահեղ անընդունելի է և չի կարող արդյունք տալ։