«Այբի» դեմ քրեական գործի վարույթը կարճվել է. հանցակազմ չկա

2021-ի հունվարին քրգործ էր հարուցվել «Այբ» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում առերևույթ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն «Այբ» կրթական հիմնադրամի դեմ քրեական գործի վարույթը կարճելու որոշում է կայացրել հանցակազմի բացակայության հիմքով։ Այս մասին տեղեկացնում են հիմնադրամից։
«Խոսքը 2018 թվականին ԿԳ նախարարի հայտարարությունից սկիզբ առած և մոտ մեկ տարի առաջ ընթացք ստացած քրեական գործի մասին է` «Արարատյան բակալավրիատ» ծրագրի շրջանակում «հնարավոր չարաշահումների» վերաբերյալ: ՀՀ քննչական կոմիտեի կայացրած որոշումը հստակորեն փաստում է, որ «Այբի»-ի կատարած որևէ անօրինական գործողություն չի հայտնաբերվել»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ ավելի քան երեք տարի պետական ամենատարբեր կառույցներ, նույնիսկ իրավապահ մարմինները հետապնդում իրականացրին «Այբի» նկատմամբ:
Բազմաթիվ ստուգումների և քննության արդյունքը ցույց տվեց այն, ինչ ի սկզբանե բացահայտ էր բոլորի համար` «Այբում» չարաշահումներ չկան: Ստիպված ենք արձանագրել, որ զգալի պետական ռեսուրսի իրացում պահանջվեց` հերքելու Արայիկ Հարությունյանի ակնհայտ անհիմն ու կանխակալ հայտարարությունները։
Հիմնադրամից տեղեկացնում են, որ «Այբ» համայնքը այսպիսի պայմաններում ոչ միայն պայքարել է իր անվան և իր ստեղծած «Արարատյան բակալավրիատ» ծրագրի նկատմամբ հարձակումների դեմ, այլև առանց կանգ առնելու, հետևողականորեն շարունակել ներդրումներ կատարել, պահպանել և զարգացնել Արարատյան բակալավրիատը` Հայաստանի Հանրապետության և Արցախի աշակերտներին այն հասանելի դարձնելու նոր հնարավորություններ փնտրելով: Հարկ է արձանագրել, որ Արարատյան բակալավրիատն առ այսօր միակ հայալեզու կրթական ծրագիրն է, որն ունի միջազգային ճանաչում և համարժեք է բրիտանական A Level և ամերիկյան Advanced Placement որակավորումներին:
Ըստ հաղորդագրության՝ ՀՀ ԿԳ նախարարությունը 2018 թ. առանց որևէ հիմնավորման կասեցրեց Արարատյան բակալավրիատի ներդրումը ՀՀ պետական դպրոցներում, և այդ ամենի հետևանքը եղավ այն, որ Հայաստանի մարզերում և Արցախում բազմահազար աշակերտներ զրկվեցին համաշխարհային ամենաբարձր չափանիշներին համապատասխան այդ ծրագրով անվճար սովորելու հնարավորությունից` առանց համարժեք այլընտրանք ունենալու:
«Դատախազությունը շտապում է». «Այբ» կրթական հիմնադրամն անդրադարձել է հարուցված քրգործին
Հիշեցնենք, որ 2021-ի հունվարին քրգործ էր հարուցվել «Այբ» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում առերևույթ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ։ Նշվում էր, որ քրգործը հարուցվել է ԿԳՄՍ նախարարությունից ստացված գրության հիման վրա հիմնադրամի կողմից իրականացվող «Կրթության գերազանցության ազգային ծրագրի» շրջանակներում թույլ տրված հնարավոր չարաշահումների, մասնավորապես` ծրագրի իրականացման նպատակով ենթադրաբար վատնման եղանակով հափշտակելու կապակցությամբ։
Ավելին, դեռ 2018-ին կրթության և գիտության այն ժամանակվա նախարար Արայիկ Հարությունյանն «Այբ» կրթական հիմնադրի համահիմնադիր և դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ տեր Մեսրոպ քահանային անվանել էր մարդ, որն ամենամեծ վնասն է հասցրել կրթական համակարգին։
Դրանից հետո «Արարատյան բակալավրիատի» համար ֆինանսական աուդիտ անցկացվեց։ Ամիսներ անց, սակայն, երբ ավարտվեց աուդիտը, որևէ չարաշահում այնտեղ չհայտնաբերվեց։