ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին երկրում մոլեգնող փոթորիկների տխուր հետևանքների կապակցությամբ։ Հեռագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում։
«Հարգելի պարոն նախագահ, ընդունեք անկեղծ ցավակցություններս Կենտուկիում և ԱՄՆ մի շարք այլ նահանգներում մոլեգնող տորնադոյի ողբերգական հետևանքների կապակցությամբ»,– ասել է Պուտինը։
Նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանում կիսում են բոլոր նրանց վիշտը, ովքեր աղետի հետևանքով կորցրել են իրենց հարազատներին և բարեկամներին։ Նա տուժածներին էլ շուտափույթ ապաքինում է մաղթել։
Հիշեցնենք, որ երեկ փոթորիկ է եղել ԱՄՆ մի քանի նահանգում` Իլինոյսում, Միսսուրիում, Արկանզասում, Կենտուկիում և Թենեսիում։ Առնվազն 6 մարդ է զոհվել, երբ տորնադոն «անցել է» Իլինոյսի Amazon–ի պահեստով, Արկանզասում մահացել է ծերանոցի անդամներից մեկը, Թենեսիում երեք մարդ է զոհվել։