«Միսս Տիեզերքի» հայ մասնակիցը մրցույթին ներկայացել է Արուբաինի աստվածուհու կերպարով

Նանե Ավետիսյան. Արխիվային լուսանկար
Նանե Ավետիսյանի ելույթն ուղեկցվել է տեքստով, որում պատմվել է աստվածուհու և Հայաստանի հետ նրա կապի մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի - Sputnik. «Միսս Տիեզերք» միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Նանե Ավետիսյանը հանդես է եկել Ուրարտական պանթեոնի գերագույն աստվածուհու, պտղաբերության, ընտանիքի և արվեստի հովանավոր Արուբաինիի կերպարով: Արուբաինին նաև Խալդ գերագույն աստծո կինն էր։
Համապատասխան տեսանյութը Ավետիսյանը հրապարակել է Facebook-ի իր էջում:
Նանե Ավետիսյանի ելույթն ուղեկցվել է հատուկ տեքստով, որտեղ պատմվել է աստվածուհու և հայկական ժառանգության մասին:
Տեքստի հեղինակներից մեկը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանն է եղել: Վերջինս Facebook-ի իր էջում գրել է, որ դա մշակութային ժառանգության հանրահռչակման միջոցներից մեկն է։
«Միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում իմացան Արարատյան թագավորության (Ուրարտու) և աստվածուհու մասին»,- գրել է Բադալյանը:
Իր հերթին, կերպարի հեղինակ և դիզայներ, ինչպես նաև կոնցեպտի մշակող Գայանե Մանուկյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում նշեց, որ նման մրցույթները հիանալի հնարավորություն են` պատմելու և աշխարհին ցույց տալու սեփական երկրի ժառանգությունը:
Նա ասաց, որ, ցավոք, Ուրարտուի դարաշրջանի ժառանգությանը պատշաճ ուշադրություն չի դարձվում։

«Ես միշտ ցանկացել եմ, որ ուրարտական ժառանգությունը հանրահռչակվի, այդ թվում նաև գեղեցկության մրցույթների միջոցով»,- ընդգծեց դիզայները:

4-5 օրվա ընթացքում Մանուկյանին հաջողվել է իրականացնել մտահղացումն ու ստեղծել պտղաբերության հովանավոր Արուբաինիի կերպարը։
Մանուկյանը նշեց, որ առաջին անգամ է, երբ հայ մասնակիցը հանդես է գալիս ոչ թե դասական հայկական տարազով, այլ նման կերպարով:
«Միսս Տիեզերք 2021»–ը տեղի է ունենում Իսրայելի Էյլաթ քաղաքում։ Մասնակցում են աշխարհի 80 երկրի ներկայացուցիչներ։
Հայտնի է` հայ գեղեցկուհիներից ովքեր կմասնակցեն «Միսս տիեզերք» և «Միսս աշխարհ» մրցույթներին