ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Իրաքի իշխանությունները բելառուսական սահմանին միգրացիոն ճգնաժամի սկսվելուց ի վեր Մինսկից ավելի քան 3,5 հազար քաղաքացիների են տարհանել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ մեջբերելով Իրաքի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ աս-Սահհաֆի խոսքերը:
«Մեզ հաջողվել է Մինսկից ինը տարհանման չվերթ կատարել՝ 3556 ուղևորներով, «Իրաքի ավիաուղիների» հետ համակարգմամբ»,-ասված է ԱԳՆ ներկայացուցչի հաղորդագրության մեջ:
Աս-Սահհաֆի խոսքով՝ իրաքցի դիվանագետները 383 անձնագիր են տվել Բելառուսի, Լիտվայի, Լատվիայի և Լեհաստանի տարածքում գտնվող իրենց երկրի քաղաքացիներին, որոնք նախկինում կորցրել էին իրենց փաստաթղթերը:
Նոյեմբերին Բելառուսիայի և Լեհաստանի սահմանին միգրանտներից, հիմնականում՝ քրդերից բաղկացած մոտ 2 հազար հոգանոց խումբ էր ձևավորվել։ Նրանք փորձում էին թափանցել Լեհաստան, սակայն լեհ ուժայինները հատուկ միջոցներով կանխել են փորձը։ Բելառուսի իշխանությունները միգրանտներին տեղավորելու համար սահմանային անցակետից ոչ հեռու տրանսպորտային-լոգիստիկ կենտրոն էին հիմնել։
Լուկաշենկոն նոյեմբերին հայտարարել էր, որ հանրապետությունում, բացի լեհական սահմանի մոտ գտնվող ճամբարից, կարող են ևս 2-3 հազար փախստականներ լինել Մերձավոր Արևելքից։ Դրա հետ մեկտեղ միգրանտների մի մասը Բելառուսից հայրենիք է վերադառնում ինչպես տարհանման չվերթներով, այնպես էլ անհատական կարգով։ Սակայն մյուսները շարունակում են սպասել դեպի ԵՄ մարդասիրական միջանցքի բացմանը։