ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի -Sputnik. Վրաստանը նոյեմբերին հաղթահարել է կորոնավիրուսի հինգերորդ ալիքի գագաթնակետն ու այժմ դեպքերի թիվը կրճատվում է։ Տեղեկությունը հայտնել է Հիվանդությունների վերահսկման ու հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:
«Մենք նոյեմբերին անցանք հինգերորդ ալիքի գագաթնակետային շրջանը», – ասել է Գամկրելիձեն` հավելելով, որ պետք չէ թուլանալ:
«Հիմա ձմեռ է, շնչառական վիրուսները ակտիվացված են։ Մենք նորից կարող ենք ազատ աճի միտում ունենալ, եթե չհետևենք այն խորհուրդներին, որոնց մասին խոսում ենք, ու որոնք, ցավոք, չենք կատարում», – պնդում է համաճարակաբանը։
Մինչդեռ այսօր, ըստ բժշկի, Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը նվազում է։
«Ամեն օր դեպքերի թիվը ցածր տեմպերով նվազում է։ Ամեն օր արձանագրվող դեպքերի քանակը տատանվում է 3,5-4,5 հազարի միջև, արդեն 5-6 հազար չէ», - ասել է Գամկրելիձեն։
Ընդհանուր առմամբ, նոյեմբերին 124 255 մարդու մոտ կորոնավիրուս է հաստատվել, COVID-ից այդ շրջանում 1 965 մարդ է մահացել:
Իսկ կորոնավիրուսի առաջին դեպքի հայտնաբերման պահից Վրաստանում գրանցվել է վարակման 886 364 դեպք։