Պետք է նայել, թե ինչ պայմաններում է կազմավորվել հայկական բանակը և ինչ բարքեր կային այդ տարիներին։ Ոչ կանոնադրական հարաբերությունները գալիս են ավելի վաղ շրջանից, խորհրդային ժամանակներից, իսկ հետագայում ավելի խոր սոցիալ–հասարակական խնդիրները մտան բանակ, որտեղ շատ դեպքերում հարցերը լուծվում էին ոչ թե կանոնադրությամբ, այլ միջանձնային հարաբերություններով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռազմական փորձագետ Նարեկ Ներսիսյանը։
«Ոչ կանոնադրական հարաբերություններն ընդունելի էին սպայակազմի համար, որովհետև այդ ժամանակաշրջանում սպայական անձնակազմը հենց այդ բարքերի կրողն էր։ Այս ամենի հիմքը դրվեց այդտեղ, նույնը շարունակվել է ռազմական հաստատություններում, որտեղ քչերն են հասկացել, որ այդ բարքերն ուղղակի քանդելու են բանակը` հասցնելով այսօրվա վիճակին։ Չեմ ասում, որ բանակ չունենք, պարզապես մատնանշում եմ քայքայիչ գործոնները»,– ասաց ռազմական փորձագետը։
Ներսիսյանի կարծիքով` այդուհանդերձ իրականացվել են միջոցառումներ, որոնք միտված են եղել բանակում խորքային փոփոխություններ իրականացնելուն, ոչ կանոնադրական հարաբերություններն արմատախիլ անելուն, բայց իրականում մարդիկ զբաղվել են իմիտացիայով, փորձել են նաև ներդնել արևմտյան փորձը, սակայն մեր հասարակությունը դրան պատրաստ չէ։
«Սեյրան Օհանյանի պաշտոնավարման օրոք նույնիսկ կանոնադրական հարաբերություններում փոփոխություն մտցվեց, ըստ որի` ավելի շատ իրավունքներ էր տրվում զինվորին, բայց այդտեղ առաջացավ մեկ այլ խնդիր` սպան փորձեց իր դերակատարությունը փոխել, սպայական անձնակազմը վախենում էր հստակ հրամաններ տալուց, մինչդեռ սպայակազմը կրթվածության մակարդակի բարձրացման խնդիր ունի»,– ասաց ռազմական փորձագետը։
Ներսիսյանի համոզմամբ` մենք պետք է դասեր քաղեինք ոչ միայն արցախյան 44–օրյա պատերազմից, այլև առաջին պատերազմից, մինչդեռ դա բարձր մակարդակով ուղղակի չի արվել կամ նպատահակարմար չեն գտել դա անել։
Ըստ նրա` ռազմականացված կառույցներում, որոնցում կա գաղափարախոսություն, կա հստակ պատկերացում ռազմագիտության, ռազմական արվեստի մասին, հարաբերությունները եղբայրական են, թեև կա պարտադիր սուբորդինացիա և բանակում մերժելի երևույթները ոչ միայն պախարակվում են, այլև դրանց համար խստորեն պատժում են։
Փորձագետի պնդմամբ` այսօր խնդիր ունենք ոչ միայն բանակի, այլև ամբողջ հասարակության առողջացման հետ կապված, որովհետև պատահական ասված խոսք չէ` բանակը հասարակության հայելին է։
Հիշեցնենք` դեկտեմբերի 10-ին, ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, նախնական տվյալներով` համածառայակցի կողմից արձակված կրակոցներից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Սենիկ Աշոտի Արզումանյանը (ծնվ. 2002թ։
Եվս երկու զինծառայող վիրավորվել են: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Նմանատիպ դեպք էր արձանագրվել նաև 2 օր առաջ` դեկտեմբերի 9–ին։