ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik, Աստղիկ Սուքիասյան. Կայացավ ճանաչված դիզայներ Քրիստինե Գրիգորյանի նոր հավաքածուների ցուցադրությունը, որին եկել էին մասնակցելու հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչներ ու հյուրեր։
Ներկայացվեց 3 ցուցադրություն, որոնցից մեկը ձմեռային վերարկուների հավաքածուն էր, մյուսը՝ ատլասե զգեստների, և 3-րդն ու դիզայների կողմից թերևս ամենասիրվածը ՝ «Հայկական հոգի» հավաքածուն։ Ցուցադրությանը մասնակցեցին նաև Հայաստանի մանկատների սաներից մի քանիսը։
Մանկատան սաները կյանքիս կարևոր մասնիկն են
2 երեխաների մայր Քրիստինե Գրիգորյանը սիրով է խոսում մանկատան սաների մասին. նրանց պարբերաբար այցելում է ու փորձում այս ոլորտով հետաքրքրված երեխաների համար հարթակ ստեղծել։ Ցուցադրությունների ժամանակ երեխաները բեմահարթակ են դուրս գալիս, նրանց համար կազմակերպվում են դասընթացներ, կարվում է հագուստ։
«Անչափ սիրում եմ մանկատան սաներին, իրենք իրենց տեսակով ոգեշնչում են ինձ։ Իմ կյանքի կարևոր մասնիկն են»,-ասում է դիզայները։
Նշենք, որ Քրիստինեն հաճախ է մանկատան երեխաների համար անվճար հագուստ կարում ու նվիրում։
Դիզայներ Քրիստինե Գրիգորյանը
© Sputnik / Aram Nersesyan
Մանկատան սաներն էլ իրենց հերթին անչափ սիրում են դիզայներին։ Նրանցից մի քանիսը մեզ հետ զրույցում պատմեցին իրենց երազանքների ու բեմում հայտնվելու մասին։
Ծնողներից հրաժարվելու ու հոգեբան դառնալու մեծ երազանքի մասին
15-ամյա Շուշանը (անունը փոխված է) շատ ուրախ է, որ իրեն հնարավորություն է ընձեռվել սովորելու նորաձևության դպրոցում և մասնակցել ցուցադրությունների։
Աղջիկը վերջին ամիսներին է հայտնվել մանկատանը։ Ասում է՝ ինքնակամ է հրաժարվել ընտանիքից, քանի որ իրեն տանը ծեծում էին ու նվաստացնում։
«Ես դեռ փոքրուց միշտ տարբերվել եմ իմ ոճով։ Սիրում էի տարբեր հագուստներ համադրել, հետո, երբ մի քիչ մեծացա, մայրս ինձ կարել սովորեցրեց ու ես սկսեցի ինձ համար հագուստներ կարել։ Մայրս շատ էր սիրում նաև ասեղնագործել հագուստի վրա, ինձ էլ էր սովորեցնում»,-պատմում է նա։
Աղջիկը երազում է հայտնի մոդել և դերասանուհի դառնալու մասին։ Բացի այդ, ուզում է անպայման զբաղվել բարեգործությամբ, որպեսզի օգնի սոցիալապես անապահով ընտանիքներում ապրող երեխաներին։
Քրիստինե Գրիգորյանի նոր հավաքածուի ցուցադրությունը
© Sputnik / Aram Nersesyan
Մեր մյուս զրուցակիցը՝ 17-ամյա Աննան (անունը փոխված է), առաջին անգամը չէ, որ մասնակցում է Քրիստինեի ցուցադրություններին։ Շատ ոգևորված է ու ուզում է հայտնի մոդել դառնալ։ Ասում է, որ դա իր հոբբին է։
Իսկ մասնագիտություն արդեն ընտրել է։ Ուզում է վիրաբույժ դառնալ։ Երազում է աշխարհով մեկ շրջագայելու մասին։
15 տարեկան Անուշը (անունը փոխված է) շատ պատահական է հայտնվել բեմում։ Ասում է՝ եկել է ընկերուհուն փոխարինելու։ Դեռ չգիտի` ինչպիսի զգացողություն կունենա բեմում հայտնվելուց հետո։
Քրիստինե Գրիգորյանի նոր հավաքածուի ցուցադրությունը
© Sputnik / Aram Nersesyan
Աղջնակը երազում է հոգեբան դառնալու մասին։ Սովորում է 9-րդ դասարանում։ Հաճախում է Թումո կենտրոն, հետաքրքրվում է լուսանկարչությումբ, խորացված սովորում է անգլերեն։
Իմ բոլոր հագուստների վրա ասեղնագործված է Հայաստանի դրոշը
Ճանաչված դիզայները թեև ունի 3 բարձրագույն կրթություն (սովորել է Մոսկվայում, Միլանում և Փարիզում, դիզայների մասնագիտական կրթությունը ստացել է Միլանում՝ Արվեստի Բրերա ակադեմիայում), արտերկրում սովորելուց հետո վերադարձել է Հայաստան և 2012 թվականին հիմնել KWISTY բրենդը։
Դիզայներ Քրիստինե Գրիգորյանն ու դերասանուհի Լուիզա Ներսիսյանը
© Sputnik / Aram Nersesyan
«Իմ բոլոր հագուստների վրա ասեղնագործված է Հայաստանի դրոշը։ Բոլոր տեղերում գրված է՝ Made in Armenia։ Ինձ հաճախ են ասում եվրոպական ոճով` հայկական արմատներով դիզայներ»,-նշում է Քրիստինեն։
Քրիստինե Գրիգորյանի նոր հավաքածուի ցուցադրությունը
© Sputnik / Aram Nersesyan
Իր ամենասիրելի հավաքածուն «Հայկական հոգին» է, որում ներկայացրել է հայկական զարդանախշերը։
«Ես շատ սիրում եմ իմ այդ հավաքածուն ու շատ պինդ եմ պահում։ Երբ վաճառվում է՝ շատ եմ տխրում։ Յուրաքանչյուրից մեկական օրինակ է։ Շատերը թույլ չեմ տվել, որ վաճառեն, քանի որ ոգեշնչվում եմ դրանցով»,-ասում է դիզայները։
Հիշեցնենք, որ Քրիստինեի նախորդ հավաքածուի ցուցադրությունն անցկացվեց մայիսին, որից հետո 6 ամիս է պահանջվել նոր հավաքածուն ստեղծելու համար։