ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 15-ին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի (Եվրանեսթի) բյուրոն հայտարարություն է տարածել։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, պատգամավոր Հայկ Մամիջանյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ հայտարարության անվտանգային հատվածում անգամ մեկ բառ նշված չէ Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի մասին։
Ընդդիմադիր գործիչը նաև հիշեցնում է, որ իրենց քաղաքական ուժն առաջարկում էր օգտագործել ԵՄ-Ադրբեջան բանակցային գործընթացը` ՀՀ–ի պետական շահերից բխող օրակարգն առաջ մղելու համար, բայց խորհրդարանական դիվանագիտությունը հերթական անգամ չօգտագործեց առկա հնարավորությունները։
Մամիջանյանը հիշեցնում է, որ Եվրանեսթի հայկական պատվիրակության ղեկավարը իշխող խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն է, որն պաշտոնե հանդիսանում է բյուրոյի անդամ և ունի վետոյի իրավունք։
«Այսինքն մեր երկիրը կարող էր իր պահանջները չկատարելու դեպքում չեղարկել հայտարարության ընդունումը»,– նշում է Մամիջանյանը` ակնարկելով, որ իշխող քաղաքական ուժը, սակայն, իր այդ իրավունքից չի օգտվել։
Նշենք, որ Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովը հիմնվել է 2003 թվականին Եվրոպական հանձնաժողովի կողմից` որպես Արևելյան գործընկերության բաղկացուցիչ մաս։