ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Մեր առանցքային խնդիրը պետականության և պետական ինստիտուտների կայացածության ցածր մակարդակն է, և հիմնական անելիքը պետականության և պետական ինստիտուտների զարգացումը, որ մեր ապագայի միակ երաշխիքն է: Facebook–ի իր էջում այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա այսպես է արձագանքել ընդդիմության կողմից պարբերաբար հնչող քննադատություններին` ուղղված կառավարությանն ու պետական մարմիններին:
«Ոմանց կողմից գեներացվող «դավաճան իշխանության» ռիտորիկան ամենևին էլ կորսված հայրենիքի ցավի ձայնարկումը չէ: Դա շատ լրջորեն մտածված և երկա՜ր տարիներ նախապատրաստված հիբրիդային պատերազմի դրվագ է: 2018 թվականին վարչապետի կարգավիճակում չէի էլ հասցրել կարդալ ԼՂ հարցի կարգավորման բանակցային թղթերը, այդ նույն ուժերը փսփսում էին, թե մեր իշխանությունը պատրաստվում է հանձնել հողերը»,–գրել է Փաշինյանը:
Նա նշել է, որ այդ միտքը կամաց-կամաց, քայլ առ քայլ, շրջանառության մեջ էր դրվում, և դրա նպատակը մեկն էր, որ եթե/երբ գա Արցախի ու Հայաստանի շահերը զենքով պաշտպանելու ժամանակը՝ արժանահատավատ հնչի միտքը, թե կռիվն ու պայքարն անիմաստ են, ամեն ինչ վերևներում պայմանավորված է, «հողերը հանձնած են», և այս թեզերի միջոցով երկրի դիմադրողականությունը, զինվորի մոտիվացիան ու կամքը կոտրվի:
«Նման կոմբինացիաները, իհարկե, կառուցվում են դրսի և ներսի ուժերի սերտ համագործակցությամբ, և ներսում նմանատիպ խոսույթները ձևավորողները շատ հաճախ չեն էլ կռահում ինչին են մասնակցում, որովհետև ամենը մատուցվում է բարձր «հայրենասիրական» սոուսով: Բայց վերնախավային նեղ շրջանակը չի կարող չիմանալ սեփական առաքելությունը, որ հիմնված է արտաքին ուժերի հետ փոխշահավետ համագործակցության վրա: Արտաքին ուժերը՝ տարածքներ, ներքին ուժերը՝ իշխանություն»,–գրել է Փաշինյանը:
Նա շեշտել է, որ 2020-2021 թվականներին այդ ծրագրի առաջին մասը ստացվեց, երկրորդ մասը՝ ոչ, այսինքն` տարածքները տրվեցին , սակայն ներքին ուժերն իշխանության հասնել չկարողացան։
Փաշինյանի խոսքով` երկրի «ներքին հայրենասերները» չեն հանդարտվում, որովհետև նրանց արտաքին գործընկերները առաքելությունը ավարտված չեն համարում:
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը ԱԺ–ում նոյեմբերի 8-ին հայտարարեց, թե 2016 թվականից սկսած` չկա ո՛չ տեսական ու ո՛չ էլ գործնական հնարավորություն Արցախը Ադրբեջանի կազմից դուրս հանելու հարցում։
Սրանից հետո ընդդիմության շրջանում բողոքի նոր ալիք բարձրացավ, Ազատագրական շարժման անդամները ցանկանում էին պարզաբանումներ ստանալ այս հայտարարության շուրջ։