Արթուր Վանեցյանից բացի ո՞վ է Բաքվի հետ բանակցել․ ՀՀ ԱԱԾ պատասխանը

ԱԱԾ նախկին ղեկավարը հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ օպերատիվ կապն իրենից բացի ապահովել է ևս մեկ պաշտոնյա։ ԶԼՄ-ները սկսել են ենթադրություններ անել, բանակցողի թեկնածություներ են հայտնվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի - Sputnik. Արդեն բավական երկար ժամանակ հայկական լրատվամիջոցներում քննարկվում է Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի սկանդալային հայտարարությունն այն մասին, որ Երևանի ու Բաքվի միջև օպերատիվ կապն ապահովել է ոչ միայն ինքը, այլեև կառավարության աշխատակազմի ևս մեկ պաշտոնյա:
Դրանից անմիջապես հետո սկսվեցին տարբեր պաշտոնյաների անուններ շրջանառվել, իսկ «ԱՆԻ» հայագիտական հետազոտությունների կենտրոնը հայտնել է, որ երկրորդ բանակցողը կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Հրաչյա Թաշչյանն էր:
Հայտնի է` ով է երկրորդ պաշտոնյան, որն իրականացրել է Փաշինյանի և Ալիևի օպերատիվ կապը. ԶԼՄ
Sputnik Արմենիան հարցում է ուղարկել ԱԱԾ՝ խնդրելով պարզաբանել՝ արդյոք գերատեսչությունը ուսումնասիրում է Վանեցյանի հայտարարությունը երկրորդ բանակցողի մասին, և արդյոք տիրապետում է տեղեկատվությանը, թե ո՞վ է ապահովում օպերատիվ կապը:
«Ինչ վերաբերում է Արթուր Վանեցյանից բացի Ադրբեջանի հետ ուղիղ կապ ապահոված պաշտոնյայի ով լինելու վերաբերյալ հարցադրմանը՝ հայտնում ենք, որ դրա վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղեկություններ առկա չեն», - մասնավորապես նշված է պատասխանի մեջ։
Եվս մեկ պաշտոնյա է իրականացրել Փաշինյանի և Ալիևի օպերատիվ կապը. Վանեցյան
Հիշեցնենք, որ դեռևս 2020 թվականի դեկտեմբերի 14-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսան` Միքայել Մինասյանը, հայտնել էր, որ դեռ 2018 թվականի հոկտեմբերին Դուբայում ադրբեջանական ղեկավարությունը ՀՀ իշխանությանն առաջարկել է 5 մլրդ դոլար Արցախի 7 շրջանը հանձնելու համար։ Ըստ Միքայելյանի` առաջարկն արել էր Ադրբեջանի հատուկ ծառայության ղեկավարը, և այն փակ ծրարով փոխանցվել է ԱԱԾ այն ժամանակվա տնօրեն Արթուր Վանեցյանին, նա էլ փոխանցել է Նիկոլ Փաշինյանին։
Ավելի ուշ Վանեցյանը հաստատել էր այդ տեղեկությունները` նշելով, որ որպես ԱԱԾ տնօրեն Փաշինյանի և Ալիևի միջև ինքն է օպերատիվ կապ պահել։