Ադրբեջանցիներն Ամարասի հովտում կրակ են բացել սարուշենցիների տրակտորների ուղղությամբ

Արխիվային լուսանկար
Հրապարակման մեջ նշվում է, որ մարդկային կորուստներ և վիրավորներ չկան, սակայն տրակտորներից մեկը մնացել է դաշտում։
Sputnik
Երևան, 11 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 10-ին և 11-ին ադրբեջանցիները կրակ են բացել Ամարասի հովտում իրենց պատկանող հողամասերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող սարուշենցիների տրակտորների ուղղությամբ։ Տեղեկությունը հրապարակված է Արցախի Մարտունու շրջանի Սարուշեն համայնքի ֆեյսբուքյան էջում։
«Դեկտեմբերի 10-ի արձակված կրակահերթերի պատճարով վնասվել է տրակտորներից մեկի կողային հայելին։ Այսօր` դեկտեմբերի 11-ին, նշված տեղամասում նաև առաջ են եկել դեպի տրակտորիստները, ինչի հետևանքով տրակտորներից մեկը մնացել է դաշտում»,–ասվում է հրապարակման մեջ։
Բարեբախտաբար մարդկային կորուստներ և վիրավորներ չկան։
Հիշեցնենք` ապրիլի 7-ին` առավոտյան 09:40-ի սահմանում, Ադրբեջանի կողմից օկուպացված Սարգսաշեն գյուղի տարածքից ադրբեջանցիները կրակել էին Սարուշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող, Սարուշեն համայնքի բնակիչների` 65-ամյա Շիրին Ադամի Սարգսյանի և 36-ամյա Վիտալի Ալյոշայի Հարությունյանի ուղղությամբ: Ադրբեջանական կողմը կիրառել էր գնդացիր, ինչի հետևանքով ջարդվել էր Հարությունյանին պատկանող տրակտորի ձախ կողմի ապակին: