ՌԱԴԻՈ

Վիրավորներին ոչ թե Երևան, այլ Վարդենիս են տարել. Շահնազարյանը` ՊՆ հայտարարության մասին

«Միասնական Վարդենիս» դաշինքից ավագանու անդամ ընտրված Դավիթ Շահնազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հերքել է տեղեկությունը, թե վարդենիսցիները թույլ չեն տվել, որ վիրավոր զինծառայողին Երևան տեղափոխող մեքենան անցնի։
Sputnik
Տեղեկությունը, որ Գեղարքունիքի մարզում բողոքի ակցիա կազմակերպած մի խումբ քաղաքացիներ թույլ չեն տվել, որ ադրբեջանական կրակոցների հետևանքով վիրավորված զինծառայողին տեղափոխող ավտոմեքենան անցնի Վարդենիս–Երևան ճանապարհով, չի համապատասխանում իրականությանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Միասնական Վարդենիս» դաշինքի ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանը։
Նրա խոսքով` ակցիայի մասնակիցների մեծ մասը 44-օրյա պատերազմի մասնակիցներ են և իրենց մաշկի վրա են զգացել պատերազմի դառնությունը։ Բացի այդ, ճանապարհ փակողներից յուրաքանչյուրը կես տարուց ավելի է` ապրում է թշնամու անմիջական ներկայության պայմաններում, հետևաբար ,զինծառայող, այն էլ` վիրավոր տեղափոխող շտապօգնության մեքենայի նկատմամբ չէր կարող նման վերաբերմունք լինել։

«Ինչպե՞ս կարող էին այդ մարդիկ թույլ չտալ վիրավոր զինծառայողին տեղափոխել։ Այդ ընթացքում անցել է մեկ շտապօգնության մեքենա, որի անձնակազմն ասել է, որ ավտովթար է տեղի ունեցել Վարդենիս-Մարտունի ճանապարհին և շտապ դեպքի վայր հասնելու անհրաժեշտություն կա, ինչին ի պատասխան ցուցարարները միջանցք են բացել և շտապօգնության մեքենան անցել է»,- պարզաբանեց Շահնազարյանը։

Ավագանու անդամի խոսքով` շտապօգնության բրիգադից երկար ժամանակ չի պահանջվել միջանցք ստանալու համար, երկար չեն բանակցել, քանի որ մինչև ճանապարհ փակելը մասնակիցները միաձայն որոշել են ճանապարհը չբացել բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` բացառությամբ ՊՆ և շտապօգնության մեքենաների։
Գեղարքունիքի մարզի ՏԻՄ ընտրություններում 17 ընտրախախտում է գրանցվել. դատախազություն
Բացի այդ, Շահնազարյանը տեղեկություններ ունի, որ վիրավոր զինծառայողներին տեղափոխել են ոչ թե Երևանի բուժհաստատություններ, այլ Վարդենիսի զինվորական հոսպիտալ։
Հարցին` ակցիայի մասնակիցներից բերման ենթարկվածներ կամ ձերբակալվածներ կա՞ն, Շահնազարյանը դժվարացավ պատասխանել։
Ասաց` դեռևս որևէ հստակ տեղեկություն չունի և հավելեց, որ այսօր ժամը 17։00-ին կհրապարակվի քաղաքապետի իրենց թեկնածուին` Արամ Հարությունյանին կալանավորելու մասին դատարանի որոշումը, որից հետո թիմակիցների հետ կորոշեն իրենց հետագա անելիքները։
«Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանը ձերբակալվել է
Նշենք, որ այսօր ՀՀ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, որ երեկ` դեկտեմբերի 9-ին, Գեղարքունիքի մարզում բողոքի ակցիա կազմակերպած մի խումբ քաղաքացիներ թույլ չեն տվել, որ ադրբեջանական կրակոցների հետևանքով վիրավորված զինծառայողին տեղափոխող ավտոմեքենան անցնի Վարդենիս–Երևան ճանապարհով։
Հիշեցնենք` Վարդենիսի բնակիչները երեկ փակել էին Մարտունի-Վարդենիս ճանապարհը և պահանջում էին ազատ արձակել «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանին։