Թույլ չեն տվել, որ վիրավոր զինվորին տեղափոխող մեքենան անցնի Վարդենիս–Երևան ճանապարհով. ՊՆ

Ցուցանակ
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Գեղարքունիքի մարզում բողոքի ակցիա կազմակերպած մի խումբ քաղաքացիներ թույլ չեն տվել, որ ադրբեջանական կրակոցների հետևանքով վիրավորված զինծառայողին տեղափոխող ավտոմեքենան անցնի Վարդենիս–Երևան ճանապարհով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
ՊՆ–ն երեկ տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 9-ին ՀՀ արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների իրականացրած սադրանքից հետո հայկական կողմն ունի հրազենային թեթև վիրավորում ստացած երկու զինծառայող։

«Նույն օրը, երեկոյան Գեղարքունիքի մարզում ներքաղաքական խնդիրներով բողոքի ակցիա իրականացնող և Վարդենիսից մայրաքաղաք տանող ճանապարհը փակած մի խումբ քաղաքացիներ, նախօրոք տեղեկանալով, որ քիչ հետո այդ ճանապարհով անցնելու է վիրավորներից մեկին Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխող մեքենան, զորամիավորման հրամանատարի տեղակալին հայտարարել են, թե խոչընդոտելու են նշված մեքենայի ընթացքը։ Այդ պատճառով մեքենան ստիպված Երևան է հասել շրջանցող ճանապարհով, ինչի հետևանքով էապես ուշացել է զինծառայողին ժամանակին և անհրաժեշտ բուժօգնության ցուցաբերումը»,– նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

ՀՀ պաշտպանության նախարարությունն անթույլատրելի է համարում տեղի ունեցածը, նաև հիշեցնում, որ զինված ուժերը դուրս են քաղաքականությունից և 24-ժամյա ռեժիմով իրականացնում են Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գործառույթը։
«Հայրենիքի պաշտպանության ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին բուժօգնություն տրամադրելու գործառույթին խոչընդոտելը դուրս է բարոյական բոլոր սահմաններից՝ անկախ որևէ պատճառաբանությունից»,– շեշտում է ՊՆ–ն։
Հիշեցնենք` Վարդենիսի բնակիչները երեկ փակել էին Մարտունի-Վարդենիս ճանապարհը և պահանջում էին ազատ արձակել «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանին։