ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Ռուսական խաղաղապահ զորախումբը պետք է անժամկետ մնա Արցախի Հանրապետությունում։ Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Հաշվի առնելով Բաքվի ապակառուցողական դիրքորոշումը՝ ակնհայտ է դառնում, որ հակամարտությունը չի կարող արագ լուծվել, ուստի անհրաժեշտ են անվտանգության միջազգային երաշխիքներ, այդ թվում՝ ռուս խաղաղապահների տեղակայումը պետք է լինի անժամկետ»,- նշեց պետնախարարը:
Նա ընդգծեց, որ խաղաղապահների տեղակայման վայրերում բարձրանում է անվտանգության մակարդակը։
Բեգլարյանը մանրամասներ չներկայացրեց, սակայն անվտանգության հարցերի հետ մեկտեղ նշեց ժողովրդագրական զարգացման կարևորությունը շեշտելով՝ ժողովրդագրական աճը երաշխիք է, որ Արցախը միշտ կլինի հայկական և հակամարտության լուծումը կլինի հօգուտ հայկական կողմի։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: