Փաշինյանը ներկայացրել է Սիմիդյանին և Պետրոսյանին. ի՞նչ են խոստացել նորանշանակ պաշտոնյաները

Նիկոլ Փաշինյան. Արխիվային լուսանկար
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է շրջակա միջավայրի նախարարություն, ինչպես նաև պետական վերահսկողական ծառայություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմին է ներկայացրելц նորանշանակ նախարար Հակոբ Սիմիդյանին, իսկ պետական վերահսկողական ծառայություն և աշխատակազմին էլ`ծառայության նորանշանակ պետ Ռոմանոս Պետրոսյանին: Տեղեկությունը հայտնում է վարչապետի աշխատակազմը։
Սիմիդյանին ներկայացնելով` Փաշինյանն ասել է, որ նա առաջին անգամ է նշանակվում կառավարության անդամ:
«Շրջակա միջավայրի ոլորտն այսօր ոչ միայն Հայաստանի համար, այլև գլոբալ առումով ունի ռազմավարական նշանակություն: ՀՀ պիտի հանդես գա որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, և մեր ազգային քաղաքականությունը նույնպես պիտի հիմնված լինի այս տրամաբանությամբ և մեր ազգային պետական շահերի վրա»,–ասել է Փաշինյանը։
Սիմիդյանն էլ իր հերթին նշել է, որ ծրագրերը, որ այժմ իրականացվում են նախարարության կողմից՝ կլինեն շարունակական:
Իսկ Ռոմանոս Պետրոսյանին ներկայացնելիս վարչապետը նշել է` ՊՎԾ-ն կառավարման համակարգի կարևոր օղակներից և գործիքներից է՝ պետական կառավարման համակարգի արդյունավետ աշխատանքն ապահովելու համար: «Ծառայությունը պետական կառավարման համակարգում վերջին երեք տարիներին որպես այդպիսին գոյություն ունի, և դեռ պետք է կայացման բավական ճանապարհ անցնի: Բայց պետք է արձանագրել նաև, որ այս ընթացքում կառույցը կայացման բավականին լավ ուղի է անցել: Իհարկե, աշխատանքում ի հայտ են եկել նաև որոշակի խնդիրներ, և այդ ամենի հաշվառումով պետք է շարունակենք առաջ շարժվել»,-ասել է Փաշինյանը:
Ռոմանոս Պետրոսյանն էլ վստահեցրել է` ամենակարճ ժամկետներում ՊՎԾ-ում ականատես կլինենք խորքային բարեփոխումների։
Հիշեցնենք, որ երեկ` դեկտեմբերի 9-ին հայտնի դարձավ, որ 2020թ–ի հուլիսի 30–ին շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը ստանձնած Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ՊՎԾ պետ։
Նույն օրն էլ 2021 թվականի օգոստոսից վարչապետի խորհրդականի պաշտոնը զբաղեցրած Հակոբ Սիմիդյանը նշանակվեց շրջակա միջավայրի նախարար` ազատվելով նախկին պաշտոնից։