ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Եվրասիական զարգացման կարևոր ուղղություններից մեկը պետք է դառնա ներքին շուկայի զարգացումը։ Այսօր Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի առցանց նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հատկապես ներքին շուկայի մրցակցության ապահովումը` առանց արհեստական խոչընդոտների ու սահմանափակումների, պետք է հզոր խթան դառնա մեր երկրների տնտեսական աճի ու մրցունակության բարձրացման, տնտեսության զարգացման, աշխատատեղերի ավելացման ու գործազրկության կրճատման համար»,– ասաց Փաշինյանը։
ԵԱՏՄ շուկայի խնդիրներն ավելի լավ հասկանալու ու վերհանելու համար ՀՀ վարչապետն առաջարկեց մոնիթորինգ իրականացնել ԵԱՏՄ շուկայում` միաժամանակ շարունակելով փոխադարձ ընբռնողականության վրա հիմնված փոխգործակցությունը անդամ երկրների միջև։
«Աշխարհում գնաճի ու սղաճի երևույթները հերթական անգամ ապացուցում են, որ անհրաժեշտ է ավելացնել ԵԱՏՄ երկրների միջև ազգային արժույթներով իրականացվող գործարքների ծավալը»,– նշեց Փաշինյանը։
Նրա խոսքով ՝ ևս մեկ առանցքային ուղղություն է միջազգային համագործակցության հորիզոնների ընդլայնումը և առևտրատնտեսական կապերի ցանցի ստեղծումը, մասնավորապես Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուտափույթ իրագործման անհրաժեշտությունը:
Ըստ ՀՀ վարչապետի` ժամանակավոր համաձայնագրի գործունեության փորձը վկայում է, որ առկա են համագործակցության հետագա խորացման ներուժ ու հեռանկարներ։
Փաշինյանն իր ելույթում նաև մատնանշեց երրորդ երկրների հետ փոխգործակցության տարբեր ձևաչափերի փորձի անհրաժեշտությունը։