ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Ազատագրական շարժման ներկայացուցիչները ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքում բողոքի ակցիա են իրականացնում։
Շարժման անդամ, ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը լրագրողներին ասաց, որ իրենք արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպում են պահանջում ։
Նշենք, որ Միրզոյանը դեկտեմբերի 8–ին մեկնել է Փարիզ, ինչի մասին գերատեսչությունից տեղեկացրել են Ազատագրական շարժման անդամներին։ Վերջիններս նշում են, որ իրենք պատրաստ են հանդիպել նաև նախարարին փոխարինող անձի հետ։
«ԱԺ–ում Նիկոլ Փաշինյանը մատնեց այսօրվա կառավարության մտադրությունները` նշելով, որ 2016 թվականից սկսած` չկա ո՛չ տեսական ու ո՛չ էլ գործնական հնարավորություն Արցախը Ադրբեջանի կազմից դուրս հանելու հարցում։ Այս ամենը նա հերթական անգամ բարդեց նախկինների վրա»,– ասաց Զոհրաբյանը։
Նա վստահություն հայտնեց, որ ներկայիս կառավարությունն ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ի վիճակի չեն ներկայացնել Հայաստանի Հանրապետության շահերը։ Շարժման անդամները ԱԳՆ–ում են, քանի որ ցանկանում են իրենց հարցերի պատասխաններն ու պաշտոնական տեղեկություն ստանալ։ Նրանք նաև վանկարկում էին. «Զարթնի՛ր, հայ»։
Շարժման անդամ Վահագն Չախալյանն էլ ընդգծեց, որ պետք չէ թաքնվել ոստիկանական ուժերի հետևում։ Նա սկսեց բղավել, որ անգամ սեփական ժողովրդի հետ չեն կարողանում իջնել ու խոսել, ինչպես կարող են ադրբեջանցիների հետ զրուցել։
Ոստիկանները մտան շենք ու պահանջեցին, որ Չախալյանը չբղավի, ինչին նա չենթարկվեց, և Չախալյանին ու ևս մի քանի հոգու բերման ենթարկեցին։