ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Մոսկվայում այսօր տեղի է ունեցել «3+3» խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի առաջին նիստը` Ռուսաստանի (Ռուդենկո), Հայաստանի (Գևորգյան), Ադրբեջանի (Խալաֆով), Թուրքիայի (Օնալ) արտաքին գործերի նախարարների տեղակալների, ինչպես նաև Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրեն Հագիգիանի համանախագահությամբ: Վրաստանի ներկայացուցիչները, որոնք նույնպես հրավիրվել էին, ձեռնպահ են մնացել հանդիպմանը մասնակցելուց:
Նիստի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային բազմապլան համագործակցության զարգացման հեռանկարները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հարթակի աշխատանքը կենտրոնացնել այն գործնական հարցերի վրա, որոնք հետաքրքրություն են ներկայացնում դրա բոլոր մասնակիցների համար: Դրանց թվում են վստահության բարձրացման միջոցները, փոխգործակցությունն առևտրատնտեսական, տրանսպորտային և մշակութային-հումանիտար ոլորտներում, հակազդեցությունը ընդհանուր մարտահրավերներին ու սպառնալիքներին:
5 երկրի ներկայացուցիչները շահագրգռվածություն են հայտնել, որպեսզի Վրաստանը մասնակցի պլատֆորմի աշխատանքին, քանի որ նրա համար «դուռը բաց է»:
Քննարկվել են հետագա անելիքներն ու պլանները՝ պրոֆիլային նախարարությունների ու գերատեսչությունների հնարավոր միացմամբ։
Նշենք` ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դեկտեմբերի 10-ին «3+3» կամ «3+2» ձևաչափի հանդիպում է տեղի ունենալու Մոսկվայում, որին ԱԳ փոխնախարարի մակարդակով կմասնակցի նաև Հայաստանը։ Նա հիշեցրեց, որ ավելի վաղ հայտնել էր` Հայաստանը «3+3» ձևաչափով կարող է հետաքրքրված լինել, եթե պարզվի, որ այդ հարթակներում չեն քննարկվելու այնպիսի հարցեր, որոնց վերաբերյալ ՀՀ–ն արդեն իսկ ընդգրկված է այլ հարթակներում։
Հիշեցնենք` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ իրանցի գործընկերոջ հետ քննարկել է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի հետ «3+3» բանակցային ձևաչափ ստեղծելու նախաձեռնությունը՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով:
Լավրովն ասել էր, որ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումն օգուտ կբերի ոչ միայն Հայաստանին և Ադրբեջանին, այլ նաև Վրաստանին: Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան` որպես այս երեք հանրապետությունների ամենամոտ հարևաններ, նրա դիտարկմամբ, նույնպես կշահեն դրանից։