ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Արցախի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել Արցախում անկախության հանրաքվեի անցկացման 30-ամյակի կապակցությամբ։
«Հանրաքվեի նախապատրաստումն ու անցկացումը տեղի է ունեցել Ադրբեջանի՝ լարվածության սրմանն ուղղված քաղաքականության պայմաններում, որը պայթյունավտանգ բնույթ էր ստացել և արդյունքում վերածվեց լայնածավալ պատերազմի Արցախի և նրա ժողովրդի դեմ»,– ասված է հայտարարության մեջ։
Արցախի ԱԳՆ–ի բնրոշմամբ` անկախության հանրաքվեի անցկացումն արցախյան կողմի հերթական փորձն էր՝ կանխել ու մոտալուտ պատերազմն ու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տեղափոխել իրավական և քաղաքական հարթություն։
Սակայն Ադրբեջանն արհամարհեց հակամարտությունը խաղաղ և դիվանագիտական միջոցներով լուծելուն ուղղված Արցախի քայլերը և քվեարկության օրը ծանր հրետակոծության ենթարկեց մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով զոհվեցին և վիրավորվեցին տասնյակ քաղաքացիական բնակիչներ։
Ինքնիշխան պետականությունն ամրապնդելու և զարգացնելու իր վճռականությունն արցախահայությունը վերահաստատել է նաև հաջորդ սահմանադրական հանրաքվեների ժամանակ` 2006 թ․ դեկտեմբերի 10-ին, երբ ընդունվեց ԼՂՀ առաջին Սահմանադրությունը, 2017 թ․–ի փետրվարի 20-ին, երբ Արցախի ժողովուրդը կողմ քվեարկեց նոր Սահմանադրությանը։
«Ցավոք, միջազգային հանրությունը չճանաչեց Արցախի ժողովրդի կամարտահայտությունն ու ժողովրդավարական ձգտումները, ինչը թույլ կտար կանխել Ադրբեջանի սանձազերծած պատերազմները և փրկել հազարավոր անմեղ կյանքեր։ Ադրբեջանը նախաձեռնեց Արցախի ոչնչացման նպատակով սանձազերծված երեք պատերազմներ (1991-1994 թթ․, 2016 թ․ և 2020 թ ․), ինչի նպատակը հակամարտության համապարփակ կարգավորման բացառումն է,– արձանագրում է Արցախի ԱԳՆ–ն,–հրաժարվելով բանակցություններից՝ Բաքուն, հակառակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և առաջարկներին, փորձում է ուժի ապօրինի կիրառման արդյունքները պարտադրել որպես կայացած փաստ»։
Արցախի ԱԳՆ–ն վերահաստատում է սեփական անկախ պետականության համար պայքարելու` արցախահայության վճռականությունը` շեշտելով, որ դա պայքար է հանուն ազատության, հիմնարար իրավունքների, խաղաղության, անվտանգ և արժանապատիվ ապագայի։
Ճիշտ 30 տարի առաջ՝ 1991 թ․ դեկտեմբերի 10-ին, Արցախի Հանրապետությունում անցկացված համահանրապետական հանրաքվեին մասնակցած ընտրողների բացարձակ մեծամասնությունը` 99,89 %–ը, կողմ էր քվեարկել անկախությանը։ Ընտրությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 82 %-ը։