«Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանը կալանավորվել է

Կալանք
Պաշտպանը պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը Վերաքննիչ դատարանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Գավառի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ քննչական կոմիտեի միջնորդությունը և կալանավորել «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանին։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հարությունյանի պաշտպանը` Բակուր Օհանյանը։

«Վստահեցնում եմ, որ քննիչի միջնորդությունն ապօրինի էր, դատարանն էլ իրականացրել է ոչ թե արդարադատության շահերն, այլ ուրիշների»,– նշեց Օհանյանը։

Նա շեշտեց, որ երկուշաբթի օրը պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը Վերաքննիչ դատարանում։
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն դեկտեմբերի 10-ին հայնտել էր, որ Վարդենիս համայնքի նախկին ղեկավարը, ով 2004թ. մարտից մինչև 2017թ. նոյեմբեր ընկած ժամանակահատվածում զբաղեցրել է Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Վարդենիսի տարածքային գործակալության պետի պաշտոնը, կատարել է մի շարք չարաշահումներ:
Ճնշում են գործադրում. Ավետյանը` «Միասնական Վարդենիս» դաշինքի ղեկավարի ձերբակալության մասին
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վարդենիս համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասով (երկու դրվագ), 325-րդ հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 2-րդ մասով, 178-րդ հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետով:
Վերջինս ձերբակալվել է, և վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:
Ավելի վաղ հայտնել էինք Արամ Հարությունյանի ձերբակալության պատճառով վարդենիսցիները փողոց էին փակել ու պահանջում էին ազատ արձակել վերջինիս։