ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Անթույլատրելի է անտեսել մարդու իրավունքն ու արժանապատվությունը հանուն քաղաքական, անձնական կամ որևէ այլ նպատակի: Մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ նման ուղերձ է հղել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Պետության ու բոլոր պաշտոնյաների աշխատանքի հիմնարար նպատակն է անել այնպես, որ ամեն մարդ զգա՝ «թղթի» վրա գրված իր յուրաքանչյուր իրավունք կյանքում ունի իրական երաշխավորում՝ մինչև վերջ ու արժանապատիվ երաշխավորում»,–Facebook–ի իր էջում գրել է նա։
Մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ Թաթոյանը հատուկ արժևորել է լրագրողների, իրավապաշտպանների, փաստաբանների և ՄԻՊ աշխատակազմի աշխատանքը։
«Նրանք ամեն օր դեպի դրականն են փոխում իրենց միջավայրը, իրենց շրջապատող աշխարհը: Օգնում են մարդկանց, պաշտպանում նրանց»,–նշել է Թաթոյանը։
ՄԻՊ–ը շեշտել է` իրավունքների հարցում խտրականությունն ու կողմնապահությունը, կրկնակի ստանդարտներն ավելի են մեծացնում խնդիրները:
Նշենք, որ 1948թ.-ի դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։ 1950թ.-ին Գլխավոր ասամբլեայի առաջարկով տարբեր պետություններ և կազմակերպություններ, իսկ այսօր նաև ամբողջ աշխարհը դեկտեմբերի 10-ը նշում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր։