Ինձ առաջադրվող մեղադրանքն ապօրինի է. Օհանյանը` իր գույքի վրա կալանք դնելու մասին

Սեյրան Օհանյանը նշեց, որ չի ընդունում դատախազության կողմից իրեն առաջադրվող մեղադրանքն այն մասին, որ ապօրինի գույք ունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը տեղյակ չէ, թե իր գույքերից որն են համարել ապօրինի և կալանք դրել վրան։ Օհանյանը նման կարծիք հայտնեց լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով դատախազության հայտարարությանը։
Դատախազության լրատվական ծառայությունից դեկտեմբերի 8-ին Sputnik Արմենիային հայտնել էին, որ Սեյրան Օհանյանի, նրա կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի և նրա ընտանիքի անդամներին պատկանող գույքերի վրա կալանք է դրվել։
ԱԱԾ նախկին պաշտոնյայի ապօրինի ծագման գույքը կբռնագանձնվի․ դատախազությունը դիմել է դատարան
«Ես չգիտեմ դրա մասին, ինձ հրավիրել են դատախազություն, բայց ԱԺ քառօրյա նիստերի շրջանակներում զանգել ու ասել եմ, որ հետո կներկայանամ: Դատախազություն կներկայանամ, կճշտեմ ամեն ինչ: Ծանուցման մեջ նշված չէ, թե որ գույքի մասին է խոսքը»,–ասաց Օհանյանը։
Հարցին, թե չունի՞ որևէ ապօրինի գույք, Օհանյանը պատասխանեց, թե այն, ինչ հայտարարագրել է, այդ էլ ունի, կամ այն, ինչ հայտարարագրել է իր ընտանիքը, այդ գույքին տիրապետում են: Օհանյանը հավելեց, որ իրեն առաջադրվող մեղադրանքն ապօրինի է և չի ընդունում այն։
Դատախազությունը դիմել է դատարան` բռնագանձելու Վլադիմիր Գասպարյանի և նրա ընտանիքի գույքը
Հիշեցնենք, որ դատախազությունն ուսումնասիրում է նաև Սերժ Սարգսյանի եղբոր՝ հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանի, նրա դստեր, որդու, պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդու՝ Արման Սահակյանի, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գույքերի օրինականությունը։