Հայտնի է զոհված զինծառայողի անունը. վիրավորներից 6-ի վիճակը ծանր է

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի - Sputnik. Դեկտեմբերի 10-ին ՀՀ արևելյան ուղղությամբ (Գեղարքունիքի մարզ) Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների ձեռնարկած նախահարձակ գործողություններին դիմակայելու ընթացքում զոհվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վահե Վաղարշակի Մանասերյանը (ծնվ. 2002թ.), հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,-նշված է հաղորդագրության մեջ:
Եվս ութ զինծառայող վիրավոր է։ Վեց զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր, մյուս երկուսինը, համապատասխանաբար, միջին և թեթև։
Ադրբեջանցիները կրկին սադրանքի են դիմել, կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Ավելի վաղ ՊՆ-ից հայտնել էին, որ այսօր ժամը 12։00-ի սահմանում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հարձակում են գործել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի վրա։ Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը, կրելով մարդկային կորուստներ, հետ է շպրտվել ելման դիրքեր։
Նշենք, որ ադրբեջանցիները հայկական մարտական դիրքերի ուղղությամբ կրակ էին բացել նաև դեկտեմբերի 8-ին և 9-ին։ Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների սադրանքի հետևանքով հայկական կողմից թեթև հրազենային վիրավորում են ստացել երկու զինծառայող։