«Flyone Armenia»-ի օդանավը ժամանել է Հայաստան. առաջին չվերթը՝ Երևան-Մոսկվա

«Flyone Armenia» ընկերության ինքնաթիռ
«Flyone»–ի գործադիր տնօրեն Միրչա Մալեկան նշել է, որ դեպի Մոսկվա կանոնավոր, ուղիղ չվերթերի սկիզբն առանձնահատուկ նշանակություն ունի ընկերության ուղևորների համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Այսօր «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել «Flyone Armenia»-ի A320 օդանավը կանոնավոր չվերթեր իրականացնելու նպատակով։ Ընկերության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Երևան-Մոսկվա երթուղով առաջին չվերթը դեպի «Վնուկովո» միջազգային օդանավակայան կիրականացվի դեկտեմբերի 15-ին։
«Flyone»–ի գործադիր տնօրեն Միրչա Մալեկան ասել է, որ դեպի Մոսկվա կանոնավոր, ուղիղ չվերթերի սկիզբն առանձնահատուկ նշանակություն ունի ընկերության ուղևորների համար:

«Այժմ նրանք կարող են ավելի հաճախ այցելել Ռուսաստանում գտնվող իրենց հարազատներին, ընկերներին կամ ուղղակի զբոսաշրջային, աշխատանքային նպատակներով այցեր կատարել։ Դա հնարավոր դարձավ նաև ավիատոմսերի մատչելի գների շնորհիվ, որոնք սկսում են 39 եվրոյից»,–ասել է նա։

Հիշեցնենք, որ «Flyone Armenia»-ն հիմնադրվել է 2021 թ.։ Հոկտեմբերի 27-ին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն «Flyone Armenia»-ին տրամադրել է օդանավ շահագործողի վկայական։
Ավիաընկերության պարկը բաղկացած է Airbus A320 ընտանիքի ինքնաթիռներից։ Դրանք ունեն 180 նստատեղ և համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA Security-ի բոլոր չափանիշներին: Ինքնաթիռներն ունեն HEPA օդային զտիչներ, որոնք ոչնչացնում են վիրուսների և բակտերիաների 99,97%-ը:
Flyone-ը գործարկվել է 2016 թ․Մոլդովայի Հանրապետությունում: