ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի առցանց ձևաչափով ընթացող նիստում հայտարարել է, որ ԵԱՏՄ անդամ պետություններին հաջողվել է մեծացնել փոխադարձ առևտրի ծավալները:
«Համաշխարհային տնտեսության համար այս բարդ ժամանակահատվածում մենք տեսնում ենք, որ վերջին տարիներին համատեղ ջանքերով հաջողվել է ավելացնել փոխադարձ առևտուրը։ Ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում ԵԱՏՄ անդամ պետությունների միջև ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալն աճել է 10 տոկոսով»,- ասել է Պուտինը:
Նրա գնահատմամբ` այդ ցուցանիշը գերազանցել է «մինչքովիդյան»` 2019 թվականի նույն ցուցանիշը: Ռուսաստանի նախագահի խոսքով ՝ աճի կայուն միտում են դրսևորում նաև ֆինանսական հատվածն ու աշխատաշուկան:
Պուտինը գոհունակությամբ նշել է նաև ԵԱՏՄ ընդհանուր օրենսդրության կատարելագործման գործընթացի շարունակականության անհրաժեշտությոսւնը: Նախագահի խոսքով ՝ ԵԱՏՄ երկրների տնտեսական բլոկի նախարարությունները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ ակտիվորեն զբաղվում են կապիտալի, ապրանքների, ծառայությունների և աշխատուժի ազատ տեղաշարժի համար խոչընդոտների բացահայտմամբ և վերացմամբ: