Արցախը երբեք Ադրբեջանի մաս չի եղել և չի կարող լինել. Արցախի ԱԺ նախագահ

Արթուր Թովմասյան. Արխիվային լուսանկար
Արթուր Թովմասյանը նշում է, որ Արցախի լիակատար ազատության, մեր ժողովրդի ոտնահարված իրավունքների վերականգնման պայքարը դեռ ավարտված չէ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանական հավակնությունները Արցախի` մեր պատմական հայրենիքի նկատմամբ զուրկ են պատմական ու բարոյական հիմքերից, քանզի Արցախը երբեք Ադրբեջանի մաս չի եղել և չի կարող լինել։ Արցախի Անկախության հանրաքվեի 30-ամյակի, մարդու հիմնարար իրավունքների և Սահմանադրության օրվա առթիվ հղած իր ուղերձում ասում է Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, տեղեկանում ենք Արցախի ԱԺ պաշտոնական կայքից։

«Ինչպես 1991թ. անկախության հանրաքվեն, այնպես էլ 2006թ. մեր երկրի հիմնական օրենքի` Սահմանադրության ընդունումը մեկ անգամ ևս վկայեցին, որ Արցախի ժողովուրդը վճռական է պաշտպանելու ազատ ապրելու կամքն ու շահերը, պաշտպանելու դրանք միջազգային իրավունքի նորմերին համապատասխան»,–ասում է Թովմասյանը։

Նրա խոսքով` 2020թ․աշնանը սանձազերծած պատերազմով ադրբեջանական քարոզչամեքենան և իշխանական գործիքակազմը Թուրքիայի և ահաբեկչական խմբավորումների մասնակցությամբ փորձել են ավարտին հասցնել Արցախի բնիկ հայության ոչնչացման վաղեմի ծրագիրը։ Սակայն այսօր, ըստ Արցախի ԱԺ նախագահի, թեպետ բզկտված, բայց ունենք Արցախ հայրենիքի մի փոքր մաս։
Աշխարհը չճանաչեց ժողովրդավարական ձգտումները. այսօր Արցախի անկախության հանրաքվեի օրն է
Թովմասյանը նկատում է` Արցախի լիակատար ազատության, մեր ժողովրդի ոտնահարված իրավունքների վերականգնման պայքարը դեռ ավարտված չէ․ այն դեռ շարունակվում է։
Նա հավելում է` մեր օրերում, երբ վտանգված է Արցախի պետականությունը, հակամարտության վերջնական լուծման կողքին դրվում է նաև Արցախի Հանրապետության ինքնորոշման հիմնախնդիրը։
Հիշեցնենք, որ ճիշտ 30 տարի առաջ՝ 1991 թ․դեկտեմբերի 10-ին, Արցախի Հանրապետությունում անցկացված համահանրապետական հանրաքվեին մասնակցած ընտրողների բացարձակ մեծամասնությունը` 99,89 %–ը, կողմ էր քվեարկել անկախությանը։ Ընտրությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 82 %-ը։