ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Ադրբեջանի սադրիչ գործողությունները և արձանագրում, որ դրանք կրում են պլանավորված բնույթ և տարածաշրջանում իրադրությունը շարունակաբար սրելու նպատակ ունեն: Նման հայտարարություն է տարածել ԱԳՆ–ն` անդրադառնալով այսօրվա դեպքերին։
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր` այսօր ժամը 12։00-ի սահմանում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հարձակում են գործել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի վրա։ Սադրանքի հետևանքով զոհվել է զինծառայող Վահե Մանասերյանը, ևս 8 զինծառայողներ վիրավորվել են:
«Հայաստան-Ադրբեջան սահմանագոտու ողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի կողմից ձեռնարկվող զինված սադրանքները կրում են ամենօրյա բնույթ: Այս արձանագրումը հենվում է այն փաստի վրա, որ Ադրբեջանը շարունակաբար զարգացնում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» անհեթեթ հռետորաբանությունը, ինչը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններին, նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռքբերված պայմանավորվածություններին»,–նշված է ԱԳՆ հայտարարության մեջ։
ԱԳՆ–ն հավելում է նաև, որ «Զանգեզուրի միջանցքի» հռետորաբանությունը նաև ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ հավակնության անթաքույց դրսևորումն է:
ԱԳՆ–ն հիշեցնում է, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները մայիսից ապօրինի կերպով ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք և օկուպացրել ավելի քան 40 ք/կմ տարածք. այսօրվա միջադեպը տեղի է ունեցել օկուպացված այդպիսի հատվածներից մեկում:
ԱԳՆ–ն Ռուսաստանի, ՀԱՊԿ–ի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների և ողջ միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում վերոնշյալ փաստերի, ինչպես նաև այն հանգամանքի վրա, որ պաշտոնական Բաքուն շարունակում է ռազմաշունչ հայտարարություններով ուժի կիրառման հստակ սպառնալիքներ հնչեցնել ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության նկատմամբ։
Նշվում է նաև, որ մինչ օրս Ադրբեջանը չի արձագանքել զորքերի հայելային հետքաշման մասին ՀՀ առաջարկին, որը նոյեմբերի 26-ին ադրբեջանական կողմին է փոխանցվել նաև գրավոր:
ԱԳՆ–ն կարծում է, որ իրավիճակի հետագա սրացումից խուսափելու միջոցներից մեկը կարող է լինել հայ-ադրբեջանական սահմանագծից զորքերի հայելային հետքաշումը և սահմանագծի երկայնքով միջազգային մոնիթորինգի մեխանիզմի գործարկումը:
Հիշեցնենք, որ այսօր Սոթքի ուղղությամբԱդրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների ձեռնարկած նախահարձակ գործողություններին դիմակայելու ընթացքում վիրավորում ստացած ութ զինծառայողներից վեցի վիճակը գնահատվում է ծանր, մյուս երկուսինը, համապատասխանաբար, միջին և թեթև։