Ադրբեջանցիները հարձակվել են հայկական դիրքերի վրա ու հետ շպրտվել. ՊՆ

Զինծառայող
Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հակառակորդը մարդկային կորուստներ ունի։ Այս պահին փոխհրաձգությունը շարունակվում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանցիներն այսօր հարձակվել են հայկական մարտական դիրքերի վրա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Ժամը 12։00-ի սահմանում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հարձակում են գործել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի վրա։ Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը, կրելով մարդկային կորուստներ, հետ է շպրտվել ելման դիրքեր»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ ՊՆ–ի` այս պահին փոխհրաձգությունը շարունակվում է։
ՀՀ պաշտպանության նախարարությունը խոստանում է պարբերաբար հանդես գալ հաղորդագրություններով։
Հայկական Telegram–ալիքները գրում են, որ հայկական կողմը վիրավորներ ունի։
Քարին տակում ականի վրա ադրբեջանցիներ են պայթել
Նշենք, որ ադրբեջանցիները հայկական մարտական դիրքերի ուղղությամբ կրակ էին բացել նաև դեկտեմբերի 8-ին և 9-ին։ Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների սադրանքի հետևանքով հայկական կողմից թեթև հրազենային վիրավորում են ստացել երկու զինծառայող։
Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։ Նոյեմբերի 16–ին` ժամը 22։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվել էր։
Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ նոյեմբերի 16–ի էսկալացիայի հետևանքով թշնամին ունի մինչև 70 զոհված և վիրավոր, հայկական կողմից կա 1 զոհ, 13 գերի։ Եվս 24 զինծառայողի հետ կապը մարտական գործողությունների ընթացքում կորել է, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։
Նոյեմբերի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չճշտված տվյալներով` ունենք 6 հաստատված զոհ, 24+8 գերեվարված։
Նույն օրը ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ, հատուկ չվերթով Բաքվից Երևան տեղափոխվեց նոյեմբերի 16-ի ադրբեջանական սադրանքի հետևանքով ծավալված մարտերի մասնակից Տարոն Ջիվանի Սահակյանի մարմինը։
Դեկտեմբերի 4-ին գերիներից 10-ը Ադրբեջանից վերադարձան Հայաստան։