ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Մոսկվայում այսօր կայացած «3+3» խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի առաջին նիստին մասնակցող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը, տեղեկությունը հայտնում է ԱԳ արտգործնախարարությունը։
Հայտնել էինք, որ Մոսկվայում այսօր տեղի է ունեցել «3+3» խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի առաջին նիստը` Ռուսաստանի (Ռուդենկո), Հայաստանի (Գևորգյան), Ադրբեջանի (Խալաֆով), Թուրքիայի (Օնալ) արտաքին գործերի նախարարների տեղակալների, ինչպես նաև Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրեն Հագիգիանի համանախագահությամբ: Վրաստանի ներկայացուցիչները, որոնք նույնպես հրավիրվել էին, ձեռնպահ են մնացել հանդիպմանը մասնակցելուց:
Նիստին Գևորգյանը նշել է` տարածաշրջանային խորհրդակցական հարթակի օրակարգը պետք է միտված լինի տարածաշրջանային համագործակցության փոխշահավետ և փոխընկալելի օրակարգի ձևավորմանը։ ՀՀ ԱԳ փոխնախարարը հավելել է, որ պետք է զերծ մնալ միջազգային այլ հարթակների, այդ թվում՝ հակամարտությունների կարգավորման մանդատ ունեցող ձևաչափերի գործունեության կրկնորդումներից։
Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային հնարավոր համագործակցության շրջանակները, որոնք ներառել են տնտեսության, տրանսպորտի, մշակույթի և հումանիտար բնագավառներին վերաբերող հարցեր։
Նշվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել խորհրդակցությունները՝ հիմնվելով տարածաշրջանի բոլոր երկրների իրավունքների հարգման և ներգրավման անհրաժեշտության վրա։
Հիշեցնենք` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ իրանցի գործընկերոջ հետ քննարկել է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի հետ «3+3» բանակցային ձևաչափ ստեղծելու նախաձեռնությունը՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով:
Լավրովն ասել էր, որ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումն օգուտ կբերի ոչ միայն Հայաստանին և Ադրբեջանին, այլ նաև Վրաստանին: Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան` որպես այս երեք հանրապետությունների ամենամոտ հարևաններ, նրա դիտարկմամբ, նույնպես կշահեն դրանից։