ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը վստահ է, որ «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակի առաջին համար Արամ Հարությունյանի ձերբակալությունը կապված է «Ահարոն Խաչատրյան» դաշինքին միավորվելու հետ։
Այս մասին Ավետյանն ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում։ Նա այս ՏԻՄ ընտրություններին չի առաջադրվել, սակայն սատարել է «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքին։
«Ընտրություններից հետո «Միասնական Վարդենիս» դաշինքը միավորվել է «Ահարոն Խաչատրյան» դաշինքի հետ (ընդհանուր առմամբ կունենան 15 մանդատ), ինչը դուր չի եկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին և իր թիմակիցներին։ Սկսել են ճնշումներ գործադրել, այսօր առավոտյան էլ ձերբակալել են «Միասնական Վարդենիս» դաշինքի ղեկավար Արամ Հարությունյանին»,– նշեց Ավետյանը:
Նշենք, որ Վարդենիս խոշորացված համայնքում կայացած ավագանու ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 12 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքը` 10, իսկ «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքը` 5 մանդատ։ Ելնելով արդյունքներից` «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» դաշինքները միավորվելու որոշում են կայացրել ու հայտարարություն ստորագրել։
Հարցին, թե ինչ պատճառով են ձերբակալել Հարությունյանին, Ավետյանն ընդգծեց`եթե պետք է լինում, միշտ էլ կարող են որևէ մեղադրանք ներկայացնել անձին։ Նա շեշտեց, որ դեռևս չգիտեն, թե ինչում է մեղադրվում Հարությունյանը։
Գեղամասարի համայնքապետի խոսքով` մինչ այս ամեն ինչ նորմալ է եղել, սակայն, երբ ընտրությունների ժամանակ իրենց առաջարկել են պաշտպանել իրենց թեկնածուին ու չեն համաձայնել` սկսվել են ձերբակալությունները։
Ավետյանը վստահեցրեց` 2 դաշիքնի կոալիցիա կազմելու դեպքում համայնքապետի պաշտոնում կընտրեն Ահարոն Խաչատրյանին։
Հիշեցնենք, որ Արամ Հարությունյանի ձերբակալության պատճառով վարդենիսցիները փողոց էին փակել ու պահանջում էին ազատ արձակել վերջինիս։