«Թեման փակված ենք համարում». Մարիա Զախարովան` Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին

Ալեն Սիմոնյան
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն անդրադարձել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահի հայտարարություններին հաջորդած մեկնաբանությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Մոսկվան փակված է համարում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարության և ՌԴ ԱԳՆ պատասխան մեկնաբանության հետ կապված թեման: Այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նոյեմբերին ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Սիմոնյանը, պատասխանելով «Կոմսոմոլսկայա պրավդայի» լրագրողի հարցին, խոսել էր «Լավրովի պլանի» մասին և «Ղարաբաղի հանձնումը» կապել Ռուսաստանի հետ։ ՌԴ ԱԳՆ-ն դեկտեմբերի 3-ին արձագանքել էր Ալեն Սիմոնյանի ասածին և շեշտել` «Լավրովի պլանը» գոյություն ունի ոչ թե իրականում, այլ երևակայության մեջ: Գերատեսչությունը ներկայացրել էր նաև 44-օրյա պատերազմին նախորդած բանակցային գործընթացի մանրամասները։

Այսօրվա ճեպազրույցի ժամանակ Զախարովան ընդգծել է, որ դա որպես միջադեպ չի դիտարկում: Նրա խոսքով՝ ռուսական կողմի համար կարևոր էր հստակություն մտցնել այդ հարցում։

Նա տեղեկացրել է, որ թեման շոշափվել է նաև դեկտեմբերի 8-ին Ռուսաստանի և Հայաստանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցի ընթացքում:
Զախարովան հերքել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանին հետ կանչելու մասին լուրերը